«Չե՞ք նկատում՝ Կարո Փայլանը Հրանտ Դինքն է». թուրք լրագրող

Հոդվածագիրը հիշել է, որ Դինքի սպանությունից անցել է 10 տարի...
karo-paylyan

yerkir.am — Թուրքիայում ընդդիմադիր համարվող Cumhuriyet թերթի լրագրող Այդըն Էնգինն ուշագրավ հոդված է հրապարակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի մասին: Նա անդրադարձել է մեջլիսի այն ամոթալի որոշմանը, որի համաձայն` «ցեղասպանություն» բառն օգտագործելու և այդ մասին ելույթ ունենալու պատճառով Փայլանը զրկվել է մեջլիսում 3 նիստի մասնակցության իրավունքից:

Հոդվածում Էնգինն ուշագրավ հարցադրում է անում, թե՝ «չե՞ք նկատում՝ Կարո Փայլանը Հրանտ Դինքն է: Հրանտին սպանել տվեցիք, իսկ Կարոյի՞ն, Կարոներին ի՞նչ եք անելու»:

Հոդվածագիրը հիշել է, որ Դինքի սպանությունից անցել է 10 տարի, սակայն համապատասխան մարմինները շարունակում են մարդկանց զբաղեցնել` «կասկածյալներ» հայտնաբերելով կամ դատական անվերջ նիստերում նրանց «դատելով»:

«Անցել է 10 տարի, ինչ այդ ժամանակվա վարչապետ, ներկայումս՝ նախագահն այցելել էր նրա ընտանիքին՝ անձամբ ցավակցություն հայտնելու, և խոստացել թույլ չտալ, որպեսզի այդ սպանությունը կորչի Անկարայի մութ լաբիրինթոսներում:

Անցել է 10 տարի, ինչ ձեր պատվերով նրան սպանեցին: Դեռ շարունակում եք մեզ զբաղեցնել սպանության մեջ կասկածվողներով: Շարունակում եք դատական անվերջ նիստերով ցույց տալ, թե դատում եք, սակայն սպանության մեջ մեղադրվողները, սպանության դրդողները, այն իրականացնողները շարունակում են մնալ ազատության մեջ»,- գրել է հեղինակը:

Նրա համոզմամբ՝ այդ երկրի քաջորդիներից մեկին՝ Հրանտին, սպանելով` ոմանք մտածել են՝ երկրի ամենահզոր, համարձակ, քաջասիրտ մարդուն վերացրեցին: «Սակայն, սխալվեցիք: Ձեր՝ ռասիստ-ազգայնամոլ նախապաշարմունքներով քայքայված ուղեղները չհաշվարկեցին, չնախատեսեցին, որ նա, նրա մահը պիտի ծնեին հազարների, տաս հազարների»,- գրել է Էնգինը:

Հեղինակը նաև հիշել է Հրանտ Դինքի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթներից մեկը, թե «գնալու եմ Փարիզ, կանգնելու եմ Քոնքորդ հրապարակում` մի քարի վրա, և բղավելու եմ՝ 1915 թվականին Անատոլիայի հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Ֆրանսիայի պետությունը քաշելու է իմ մի թևը: Հետո վերադառնալու եմ, Անկարայում Գյուվեն այգում կանգնելու եմ մի քարի վրա և բղավելու եմ՝ 1915 թվականին Անատոլիայի հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Թուրքիայի պետությունը քաշելու է իմ մյուս թևը: Գուցե ինձ բզկտելու են, սակայն չեմ դադարելու ասել այն, ինչի ճշմարտությանը հավատում եմ: Ցեղասպանության իրականությանը կարող ենք առերեսվել` ոչ թե արգելքներ դնելով, այլ՝քննարկելով, խոսելով…»: Այնուհետև Էրգինը գրում է. «Հիշեցի՞ք: Իսկ ամաչեցի՞ք»:

Նա իր հոդվածում հիշեցրել է նաև Կարո Փայլանի ելույթի մասին, որի համար նրա դեմ պատիժ է սահմանվել, և այդ կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել: «Չե՞ք նկատել՝ Կարո Փայլանը Հրանտ Դինքն է: Հրանտին սպանել տվեցիք, իսկ Կարոյի՞ն, Կարոներին ի՞նչ եք անելու»,- եզրափակել է հոդվածը:

*

*