Մահացել է Իսրայելում Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ Ժորժետ Ավագյանը

Ցավալի լուր` Երուսաղեմից։
jorjet-avagyan

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Իսրայելում Հայ Դատի պայքարի երկարամյա առաջամարտիկ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորժետ Ավագյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Դաշնակցության Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը, մեծագույն դեր է ունեցել իսրայելական քաղաքական եւ պետական շրջանակներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Դեռ երիտասարդ տարիներից ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայության իրավունքների պաշտպանությանն ու ճանաչմանը։

Ժորժետ Ավագյանը ամուր կապերով կապված էր հայրենիքի հետ, ամեն առիթ օգտագործում էր լինելու Արցախում։ Արժանացել է Հայաստանի պետական եւ գերատեսչական պարգեւների։ Շատ հաճախ է հյուրընկալվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տաղավարներում, շատ գործընկերների հետ անձնական բարեկամություն ուներ։

Ժորժետ Ավագյանը տարիներ շարունակ դարձել էր Հայաստանյան մամուլի համար Հայոց Ցեղասպանության խնդրով Իսրայելում քաղաքական զարգացումների ներկայացնողն ու բանբերը։

Ցավակցում ենք նրա հարազատների, նույն գործի զինակից երեք քույրերին ու ընկերներին։

Նրան վերջին հրաժեշտ են տալու Երուսաղեմում, Ռամիե սուրբ Գեւորգ եկեղեցում։

*

*