«Թրամփը պետք է դատապարտի ցուցարարների նկատմամբ իրագործված դաժան հարձակումը»

Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին՝ դատապարտել հարձակումը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին լսումներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ Վաշինգտոնում մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպի վերաբերյալ:

Մի շարք կոնգրեսականներ տեղի ունեցածն անընդունելի են համարել ու կոչ արել նախագահ Թրամփի վարչակազմին կտրուկ պատասխան տալ Թուրքիային: Լսումների ժամանակ վկայություն է տվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը ծեծկռտուքի ժամանակ դեպքի վայրում է եղել ու նկարահանել տեղի ունեցածը:

«Այն, ինչ Էրդողանն արեց մեր մայրաքաղաքի փողոցներում, թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել այն բռնությունների մասին, որոնք ամեն օր կիրառվում են Թուրքիայի քաղաքացիների հանդեպ: Նախագահ Թրամփը պետք է վերջ տա լռելուն ու դատապարտի մեր մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրագործված դաժան հարձակումը»,-նշել է Համբարյանը:

Ներկայացուցիչների պալատում միջադեպի վերաբերյալ վկայություն է տվել նաեւ ԱՄՆ-ում եզդիների օգնության հիմնադրամի նախագահ Լյուսի Ուսոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Էրդողանի թիկնազորի՝ խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումը դատապարտող բանաձեւ է ընդունել: Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է այդ բանաձեւը՝ այն որակելով սուբյեկտիվ եւ իրականությունը խեղաթյուրող:

*

*