Հայաստանում հաստատված հալեպահայերը ուրախությամբ են ընդունում Հալեպի ազատագրման լուրը

Անվտանգության բոլոր երաշխիքների դեպքում անգամ վերադառնալ չեն պատրաստվում:

Առատ ձյունը Դոլմաջյանների ընտանիք անսովոր աշխուժություն է բերել: Հալեպում տեղումները շատ չէին, ձյունը գալիս էր ու հալչում: Դամասկոսում էլ այսօր ձյուն է եկել»,- ասում է տիկին Մարալը: Մեկ ու կես տարի է՝ ընտանիքով Հալեպից տեղափոխվել են Հայաստան: Երկրորդ Ամանորն են դիմավորելու հայրենիքից հեռու՝ մյուս հայրենիքում:

Վերջին տարիներին մի քանի անգամ ստիպված են եղել լքել Հալեպի՝ Նոր Գյուղի շրջանի իրենց տունը:

«Տանից դուս գալիս խաչակնքվում էինք, չգիտեինք՝ կվերադառնա՞նք, թե՝ ոչ»,- ասում է ընտանիքի հայրը: Բայց երբ ծնվել է թոռնիկը, վերջնականապես որոշել են՝ տեղափոխվում են Հայաստան: Ու սկսել են ապրել Սիրիայից ստացվող լուրերով: Հալեպի ազատագրման մասին նորությունը վերջին շրջանում ամենաուրախալին է:

Հալեպի յուրաքանչյուր մետր հողի ու թաղամասի ազատագրումը հալեպահայերի համար կարեւոր իրադարձություն է: Բայց վախենում են՝ ուրախությունը ժամանակից շուտ լինի: Պատերազի 5 տարիներին հուսահատության պահերը շատ են եղել:

Դոլմաջյանների ընտանիքը հստակ չգիտի՝ ինչ վիճակում է հիմա իրենց տունը: Լսել են, որ շենքը հրթիռակոծվել է, հետո բնակարանը թալանել են: Անվտանգության բոլոր երաշխիքների դեպքում անգամ վերադառնալ չեն պատրաստվում:

Տղաներն աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ գրաֆիկ դիզայներ են: Տիկին Մարալն էլ պարբերաբար մասնակցում է ցուցահանդես-վաճառքների: Ներկայացնում է իր պատրաստած կարկանդակները: Բայց ուսումնասիրել է տեղացիների նախասիրություններն ու առաջարկում է՝ ըստ պահանջի:

Հալեպահայերի սովորության համաձայան՝ տոնածառը զարդարել են դեկտեմբերի 1-ին: Տան փոքրիկի փոխարեն ամանորյա երազանքեր մեծերն են պահում՝ պատերազմն ավարտվի, խաղաղություն լինի:

*

*