Փայլան՝ հիմնական նպատակս ոչ թե բանավեճ սարքելն էր, այլ հորդորելն՝ անցյալից դաս քաղել

Գարո Փայլանը հոդված է գրել` անդրադառնալով կատարվածին և իր ելույթի նպատակին:
garo paylan

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը, որը մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար հեռացվեց նիստի աշխատանքներից, հոդված է գրել` անդրադառնալով կատարվածին և իր ելույթի նպատակին: Հոդվածը հրապարակվել է «Ակոս» պարբերականում:

Փայլանը պատմել է, որ նախորդ շաբաթ այցելել էր Բեռլին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նա գնացել էր Գերմանիայի խորհրդարան, որտեղ ականատեսն էր եղել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բոլոր պատգամավորները, կանցլեր Մերկելը և նախարարները հոտնկայս ծափահարում էին Հոլոքոստի զոհերին նվիրված ելույթներին և դաշնամուրային կատարմանը:

«Ես հիացած էի: Գերմանիայի խորհրդարանը հարգանքի տուրք էր մատուցում ոչ վաղ անցյալում նացիստական կառավարության կողմից իրականացված մեծ հանցանքի զոհերին: Իսկ ես եկել էի ամբողջովին այլ մթնոլորտից: Մի երկրից, որը չի կարողանում առերեսվել երեկվա զուլումի հետ և շարունակում է այսօրվանը… Տխրեցի երկրիս համար, թաց աչքերով գնացի հանդիպման…

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ ելույթ էի ունենում, հեռացվեցի մեջլիսից օսմանյան վերջին տարիներին իմ ժողովրդի գլխին եկածի մասին խոսելուս համար: Ես որպես հայ պատգամավոր չեմ կարողանում խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռ գերմանացիները` աջակողմյան և ձախակողմյան, իշխանական և ընդդիմադիր, ձեռք ձեռքի տված և մեծ ինքնավստահությամբ առերեսվում էին իրենց սխալների հետ: Եվ ոչ ոք չէր մտածում, որ ստորացվում է գերմանական ինքնությունը»,- գրում է Փայլանը` նշելով, որ Թուրքիայում օրեցօր ավելի է բարդանում պատմությանն անդրադառնալը:

Խոսելով իր ելույթի մասին` պատգամավորը նշել է, որ նպատակ է ունեցել պատգամավորներին մտովի տեղափոխել օսմանյան ժամանակաշրջան, երբ սկսվել էին այն ժամանակվա սահմանադրական քննարկումները` ցանկանալով հիշեցնել այդ տարիների սխալները:

«Այսօրվա մեջլիսում քննարկվող սահմանադրական փոփոխությունների առաջարկը «Ազգայնական շարժում» կուսակցությունը որակում է որպես «թուրքի սահմանադրություն»: Դա ինձ վախեցնում է, քանի որ այն ժամանակ Թալեաթ և Էնվեր փաշաները նույն տրամաբանությամբ թուրքի սահմանադրությունը դրեցին կիրառության մեջ, որտեղ որոշ քաղաքացիներ առ ոչինչ համարվեցին: 1913-1923 թվականներն անցան մեծ կոտորածներով, ցեղասպանություններով, ջարդերով. մեծ մասշտաբով կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդներին:

Սակայն, երբ ես ասացի դրա մասին մեջլիսում, մեծ զայրույթ առաջացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար ինձ պատմության մեջ չտեսնված պատժի ենթարկեցին` արգելեցին սահմանադրական քննարկումների երեք նիստից, իսկ մեջլիսի ամբիոնից արված հայտարարությունը հանվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրություններից»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ իր հիմնական նպատակը ոչ թե բանավեճ սարքելն էր, այլ հորդորելն էր անցյալից դաս քաղել և նույն սխալներն այլևս չկրկնել:

«Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրությունը սարքելու» համար ճանապարհ ընկած, գործը դեռ չսկսած մեծ ախորժակով քուրդ պատգամավորներին բանտ ուղարկած մեջլիսի կողմից լիազորությունները մեկ անձի փոխանցելը լավ արդյունքների չի հանգեցնի: Քրիստոնեական և հրեական համայնքներն օսմանյան վերջին շրջանում միատարրության գաղափարախոսության հետևանքով Անատոլիայում 40 տոկոսից դարձել են հազարից մեկը: Մենք մեծ գին ենք վճարել: Սակայն ոչ միայն մենք, այլ բոլորն են կորցրել, մի քանի մարդու մեղքի պատճառով բոլորն են կեղտոտվել:

Ինձ համար խնդիրը միայն մեջլիսում խոսքի ազատության սահմանափակումը, ընտրված անձի նկատմամբ անարգանքը կամ «այդ բառը» կիրառել-չկիրառելը չէ: Դրանք իհարկե կարևոր են, սակայն հիմնական վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ»,- նշել է Գարո Փայլանը:

Նա փաստել է, որ դեպքերը կարող են տանել այնպիսի զարգացումների, որոնցից կտուժեն բոլորը:

«Այս հողը, որին 10 տարի առաջ հանձնեցինք Հրանտ Դինքին, այսօր աղավնու անհանգստություն է ապրում: Այդ վախվորածությունն անտեղի չէ: Մենք` հայերս, դա ամենալավը գիտենք: Այդ պատճառով ձեզ` մեծամասնությանդ եմ դիմում` եկեք հետ դառնանք այդ պատմական սխալից»,- եզրափակել է մեջլիսի հայ պատգամավորը:

*

*