Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ

Նրա առաջին գործը լինելու է Հոգևոր խորհուրդ գումարելը:
arqepiskopos-bekchyan

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ: Այս մասին նա հայտնել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Ստամբուլ վերադառնալուն պես ակնկալում եմ, որ Արամ սրբազանն ինձ ներկայացնի գրավոր հրաժարականի դիմումը: Հրաժարականի մասին հայտարարությունը մամուլի միջոցով կտարածենք մեր համայնքի անդամներին»,- հայտնել է Բեքչյանը:

Նա տեղեկացրել է, որ Ստամբուլ վերադառնալուց հետո առաջին գործը լինելու է Հոգևոր խորհուրդ գումարելը: «Խորհրդի նիստից հետո կհանդիպենք Ստամբուլի նահանգապետարանի հետ ու նրանց կհայտնենք մեր որոշումները: Դրանից հետո մեկ այլ ժողով կգումարենք Նախաձեռնող մարմին կազմելու համար»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:

Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ:

*

*