Եգիպտահայ համայնքը շարունակում է պահպանել իր դարավոր կառույցները

Եգիպտահայերի նկատմամբ կրոնական, ազգային խտրականություն չի եղել եւ չկա:

Շուրջ 20 միլիոնանոց Կահիրեի ամենաբանուկ եւ ամենակարեւոր պողոտաներից մեկի՝ Ռամսեսի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. կառուցվել է ճարտարապետ Լեւոն Նաֆիլյանի նախագծով` 1928թ-ին: Այն ժամանակ թեմի առաջնորդը Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանն էր, հենց նրա օրոք էր, որ եգիպտահայոց թեմն անջատվեց Երուսաղեմից եւ Օսմանյան կայսրության քայքայումից հետո անցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը:

«Սփյուռքահայ մեր բոլոր օջախների կենտրոնը եկեղեցին է, եւ հայությունը հավաքվում է եկեղեցու շուրջ, որով ոչ միայն իր հոգեւոր հարցերն է լուծվում, այլեւ կրթական, մշայկութային եւ լեզվական»,- ասում է Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը շեշտում է՝ եկեղեցին հայ ժողովրդի կյանքում մշտապես մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես Սփյուռքում: Այսօր արդեն ոչ մեծ թիվ կազմող եգիպտահայերի համար եկեղեցին շարունակում է մնալ հիմնական համախմբող առանցքը: Թեմի հոգեւոր առաջնորդն ասում է՝ չնայած կրոնական եւ ազգային տարբերություններին, հայերը դարեր առաջ են հաստատվել Եգիպտոսում, կարողացել են հարմարվել երկրի պայմաններին, իրենց գործն ու կյանքի հարմարությունները ստեղծել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ որեւէ կրոնական, ազգային խտրականություն նրանց հանդեպ չկա:

Իր բնականոն գործունեությունը ծավալող առաջնորդարանի շենքը շարունակում են հսկել հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչները. ամենուր նրանց անուններն են, դիմանկարներն ու կիսանդրիները:

Վերջին 13 տարիներին եգիպահայ համայնքի հետ է կապված Ղազարյան ամուսիների կյանքը: Երաժիշտ ամուսիններից Միհրանը ծնվել է Բեյրութում, Գոհարը՝ Բուլղարիայում: Չնայած երկուսն էլ իրենց երաժշտական կրթությունը ստացել են Հայաստանում, այսօր իրենց գործունեությունը շարունակում են Եգիպտոսում՝ Առաջնորդարանի «Արաքս» երգչախմբում եւ տեղի հայկական դպրոցում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*