Բուխարեստում անցկացվել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումը

Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները
hay-gir

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 23-ին  մասնակցել է Ռումինահայոց միության նախաձեռնությամբ Ռումինիայի ակադեմիայում կազմակերպված «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր» խորագրով սիմպոզիումին: Այս մասին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայի Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով նաև ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռումինահայ համայնքին հղած ուղերձը։

Բանախոսները ներկայացրել են հայոց լեզվի ու հայկական մշակույթի առանձնահատկությունները և հիմնական արժեքները, ինչպես նաև ռումինահայ համայնքի պատմությունն ու կարգավիճակը:

Միջոցառման շրջանակներում բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներ ու մանրանկարներ, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գրադարանում պահվող որոշ արխիվային փաստաթղթեր և հայերեն ձեռագրեր:

*

*