Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան

Խնդրել է հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար:
Aram-Ateshyan

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրավոր դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան` խնդրելով հանդիպում կազմակերպել պատրիարքի ընտրության թեմայով քննարկումների համար: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը, նախքան պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսվելը, պատրիարքարան էր ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական  ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել այդ  ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Նահանգապետարանի ուղարկած գրության մեջ նշվում էր. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»: Ուշագրավ է, որ Աթեշյանը գրությունը հրապարակել էր միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ ինքը պարտվել է ընտրություններում:

Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպման ցանկություն հայտնած խմբում լինելու են Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

*

*