Աթեշյան․ Բեքչյանը պետք է «հետ քաշվի» եւ անցկացվեն նոր ընտրություններ — Երկիր Մեդիա

Աթեշյան․ Բեքչյանը պետք է «հետ քաշվի» եւ անցկացվեն նոր ընտրություններ

Աշխատանքային գործունեության ընթացքում ոչ ոք չի գրել իր հաջողությունների մասին:
ateshyan

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հայտարարում է, որ Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի և թուրքական իշխանություններն ընդունում են իր՝ Պոլսո պատրիարքարանի փոխանորդությունը:

«Ինչպես գիտեք, տեղապահի ընտրության օրը իշխանություններից ստացվեց նամակ` ասելով, որ ընդունում են իմ փոխանորդ լինելը: Նամակով հստակ ասվում էր, որ Արամ Աթեշյանը փոխանորդ է և կշարունակի իր գործունեությունը»,- ասաց Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ առանց պետության արտոնության չեն կարող պատրիարք ընտրել, իսկ դա նշանակում է ընտրություն առայժմ չի անցկացվի: Ըստ նրա` այս իրավիճակը ենթադրում է, որ Գարեգին Բեքչյանը պետք է «հետ քաշվի» եւ անցկացվեն նոր ընտրություններ:

Հարցին, եթե նա դրական կապեր ունի թուրքական իշխանությունների հետ, այդ դեպքում ինչու ինքն անձամբ չի դիմում հարցը կարգավորելու, ընտրություն անցկացնելու համար, Արամ Աթեշյանը նշեց, որ ինքը մի քանի անգամ ասել է իշխանության արտոնությունը ստանան, նոր մնացած քայլերը իրականացնեն, սակայն հակառակն արվեց: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է: Նա լուծում համարում է Գարեգին Բեքչյանի «հետ քաշվելը»: Դրանից հետո Արամ Աթեշյանը կդիմի իշխանություններին նոր ընտրություն անցկացնելու համար:

Արամ Աթեշյանը իր մտահոգությունը հայտնեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում, այս ութ տարվա մեջ, ոչ ոք չի գրել իր հաջողությունների մասին:

«Այո, ես դրական կապեր ունեմ թուրքական իշխանությունների հետ, և դրա շնորհիվ է, որ երբ պատրիարքարանի փոխանորդ ընտրվեցի՝ բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այդ լուծված չէին, լուծում ստացան:  Առաջարկեցի Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վրա խաչ դրվի, դա արվեց, Տիգրանակերտի եկեղեցին վերանորոգեցի, պատրիարքարան տանող ճանապարհը վերականգվեց և լայնացվեց, և բազմաթիվ այլ ծրագրեր»,-ասաց Արամ Աթեշյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Աթեշյանը միայն բարին է գործում, իսկ հայ համայնքը չի ընդունում նրան, նա պատասխանեց՝ բոլոր հոգևորականներն ու համայնքը գնահատում են իր արածը, միայն օտարականները չեն ընդունում իրեն: «Այնպես չէ, որ բոլորը քննադատում են ինձ»,- հավելեց արքեպիսկոպոսը:

 

*

*