Արգենտինայում 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը

«Լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, ապա չեմ կարողանում քնել»
lusin-berejikyan-khachatryan

Արգենտինայում փետրվարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է horizonweekly.ca-ն՝ հղում կատարելով Agencia Prensa Armenia-ին:

Լուսին Բերեդջիկլյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթապում:

«Լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, ապա չեմ կարողանում քնել»,-2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը,  լրատվամիջոցներից  մեկին տված հարցազրույցում նշել էր Լուսին Բերեդջիկլյանը՝ խոսելով 1915 թվականի դաժան իրադարձությունների մասին:

Լուսինը պատմել է, որ իր հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Նա իր ավագ որդիներին ուղարկում է Հալեպ, երբ Առաջին աշխարհամարտը նոր է սկսվում: Հայրը հիվանդ է լինում, և որոշ ժամանակ անց՝ մնացած ամբողջ ընտանիքով որոշում են տեղափոխվել: Սիրիայի ճանապարհին ընտանիքը կեղեքվում ու թալանվում է, այդուհանդերձ՝  որոշները կարողանում են փրկվել և հասնել Հալեպ: Լուսինի մայրը այդ ժամանակ հղի է լինում և ճանապարհի կեսին մահանում է, իսկ Աբրահամը վախճանվում է Դամասկոսում: Դրանից հետո Լուսինի եղբայրները մեկնում են Արգենտինա, սակայն Լուսինն իր քրոջ հետ Սիրիայում է մնում մինչև 1929 թվականը, ինչից հետո ևս տեղափոխվում են Հարավային Ամերիկա։

*

*