«Թուրքն, ինչպես 100 տարի առաջ պատմական մեր հայրենիքում, այժմ էլ Սիրիայում մահ ու ավեր է սփռում»

Հալեպում գտնվող Մեծի Տանն Կիրլիկո Արամ Առաջին կաթողիկոսը շաբաթ օրն այցելել է Հալէպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի։
aram-a-halep
VENUS

Հալեպում գտնվող Մեծի Տանն Կիրլիկո Արամ Առաջին կաթողիկոսը շաբաթ օրն այցելել է Հալէպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի եւ տեղում ծանոթացել պատերազմական օրերին ահաբեկչական հրթիշակոծության հետեւանքով եկեղեցու կրած վնասներին։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի մեր գործընկեր զարմիկ Պողիկյանը։

Վեհափառը, իր ուղեկիցների հետ Տերունական աղոթք է կարդացել եկեղեցու մոտ։ Այցելութեան հաջորդ կանգառը եղել է Հալէպի Օմայադ պատմական մզկիթը, որն ունի 1300 տարվա պատմություն։ Նրան դիմավորել են իսլամ կրոնավորները։ Զրույցի ընթացքում վերջիններս ներկայացրել են, թե ինչպես իսլամ զինյալները քանդեցին մզկիթը։ Ապա Կաթողիկոսական թափորի հաջորդ կանգառը Հալեպի պատմական Բերդն էր, որը գտնվել է պատերազմական գործողույթունների անմիջական կիզակետում ու կրել բազում վնասներ։

Հուզիչ է եղել Արամ առաջինի մուտքը հայաբնակ Նոր Գյուղ թաղամաս, որը դիմագրավեց պատերազմական ավերներին։ Այստեղ եւս վեհափառն այցելել է հայկական բազում հաստատություններ ու կրթակնա կենտրոններ։ Այդ ամենի մասին մեր գործընկեր Զարմիկ Պողիկյանն առավել հանգամանալից կներկայացնի այսօր՝ Գեղամ Մանուկյանի հեղինակային «Երկրի շաբաթը» ծրագրում, մեր եթերում 20։30-ին։

Մինչ այդ, հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը Սուրբ Ծննդյան պատարագը մատուցեց Հալեպի սուրբ Աստվածածին եկեղեցում: Արարողության մի հատվածը «Երկիր մեդիայի» ուղիղ եթերում նախօրեին ցուցադրեցինք: Մեր հազարավոր հայրենակիցներ մի քանի տարվա պատերազմի միջով անցնելուց հետո՝ արցունքներն աչքերին, բերկրանքով հնարավորություն ստացան լսել Արամ Առաջինի քարոզն ու պատգամը եւ առավել ապահով պայմաններում մեկ-մեկու ավետեցին բարի լուրը:

2007 թվականից հալեպահայությունը չէր ընդունել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին Սփյուռքի մայր գաղութում։ Ազատագրված Հալեպում Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշվել է մեծ ցնծությամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցում հոծ բազմություն է հավաքվել՝ մասնակցելու Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի մատուցած պատարագին: Սուրբ Պատարագին ներկա են գտնվել նաեւ թեմի ազգային իշխանության, պատկան մարմնի ու հալեպահայ միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սիրայի խորհրդարանի Հալեպի եւ Դամասկոսի պատգամավորներ, Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներ, Հալեպի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, քաղաքական բարձրաստիճան այրեր եւ Հալեպում Հայաստանի փոխհյուպատոս Արմեն Գեւորգյանը:

Հիսուսի մկրտությունը խորհրդանշող ջրօրհնեքի արարողությունից հետո Վեհափառն իր հայրապետական պատգամն է հղել հավաքվածներին՝ ընդգծելով, որ տառապյալ ու տագնապներով լեցուն, բայց միշտ կանգուն Հալեպից է այս անգամ ավետում Աստուծո որդու ծնունդը, իսկ Հալեպում այսօր Աստուծո խաղաղությունն ու սերն է ճառագում:

Վեհափառը վստահություն է հայտնել, որ Սիրայի հայությունը շարունակելու է առանձնահատուկ դերակատարություն ունենալ համայն հայության կյանքում:

Պատարագից հետո եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել ժողովրդական աջհամբույրի արարողությունը:

Վեհափառ հայրապետը նաեւ հանդիպում է ունեցել Ազգային պատգամավորական ժողովի ու մարմիններ ներկայացուցիչների, հալեպահայ երեք համայնքապետների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արամ Ա կաթողիկոսը 2017 թվականը հայտարարել է վերականգնման տարի, եւ ոչ սոսկ շինարարական աշխատանքի, այլ հոգեփոխության եւ վերակազմակերպման: Վեհափառը հավատցրեց, ողջ հայությունն ու Կիլիկիայի կաթողիկոսությունն իրենց կողքին են լինելու: Ներկաներն էլ խոստացել են վերականգնումը սկսել սիրիահայության պատմական մայրաքաղաքից՝ Հալեպից:

Արամ Ա. Հայրապետը պարգեւատրվել է Բերիո Հայոց թեմի «Ծառայության» շքանշանով: Նա էլ իր հերթին եպիսկոպոսական ոսկե մատանիով է պարգեւատրել Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշաշնորհ Տէր Շահան Սրբազան Սարգիսյանին իր նվիրյալ եւ անձնուրաց ծառայութեան համար:

*

*