Արամ Ա. «Ամեն հայ մի բան պիտի տա. ոմանք մտքից, ոմանք հոգուց, ոմանք քսակից»

Արցախում տեսա խորը հայրենասիրություն, ժողովրդի մոտ տեսա տոկունություն, մարտունակություն...
aram-a

Արցախում տեսա խորը հայրենասիրություն, ժողովրդի մոտ տեսա տոկունություն, մարտունակություն, բայց եթե խոսքը գործի չվերածենք, զգացմունքային, հայրենասիրական պոռթկումները պղպջակի կվերածվեն ու կվերանան: Թշնամին միշտ արթուն է, մենք պետք է գիտակցենք՝ արդյո՞ք մենք էլ ենք արթուն: Ադրբեջանցին նույն թուրքն է` ունակ բարբարոսական, ցեղասպանական արարքների` գլխատելու, ականջ կտրելու: Սա պատերազմի հետ կապ չունի, սա բարբարոսություն է, թուրքի ցեղասպանական ոգու նոր օրերի արտահայտությունն է: Այս ամենից հետո մենք պետք է նստենք ու լրջորեն մտածենք. ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս պետք է անենք հետագայում:Ամեն մարդ ասելիքներ շատ ունի, գեղեցիկ ասելիքներ, բայց այդ բոլորը մի կողմ պետք է դնենք, մենք պետք է մտածենք մեր անելիքների մասին:

Սա մի պատառիկ է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մտքերից «Արմենպրես»-ի հետ ունեցած հարցազրույցից: Ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:

Վեհափառ, նախ շնորհակալ ենք, որ գերհագեցած Ձեր այցի ընթացքում համաձայնեցիքհարցազրույց տալ «Արմենպրես»-ին: Առաջին հարցը, որ պետք է տամ` ի՞նչ ուղերձով եքայցելել Հայաստան և Արցախ աշխարհ:

-Հայ ժողովրդին ուղղված մեր պատգամը` թե´ Գարեգին Վեհափառի, թե´ իմ, նույնն է: Մեր պատմության ուրախ, թե տխուր օրերին հայ եկեղեցին մեր ժողովրդի հետ է միշտ եղել, մեր ժողովրդի թե ուրախությունը, և թե ցավը կիսել: Մեր եկեղեցին մեր պատմության ընթացքում իր առաքելության անբաժան մասն է համարել իր ժողովրդի, իր հայրենիքի գերագույն արժեքները, իրավունքներն ու ձգտումները: Երբեք այսպես կոչված բաժանման գիծ գոյություն չի ունեցել եկեղեցու ու ժողովրդի միջև: Բաժանման որևէ գիծ արտոնելի չէ: Եկեղեցին ժողովուրդն է ու վերջին հաշվով եկեղեցին հավատքի համայնք է: Այսպիսին է եղել մեր եկեղեցին ու այդպիսին պետք է լինի յուրաքանչյուր եկեղեցի. ոչ սոսկ կառույց, ոչ սոսկ նվիրաբերություն, ոչ սոսկ ծես, այլ հավատքի համայնք: Այնպիսի հավատքի համայնք, որ նույնանա ժողովրդի հետ, նրա ապրումների, ձգտումների, տագնապների հետ: Մանավանդ մեր եկեղեցին, ի տարբերություն այլ եկեղեցիների, պատմության պայմանների պարտադրանքով ավելի է նույնացվել ժողովրդի հետ ու դարձել ազգային եկեղեցի: Հետևաբար, այսօր, երբ մեր ազգը տագնապի մեջ է, մեր եկեղեցին կոչված է ժողովրդի հետ լինելու, որովհետև հայրենիքի, ժողովրդի տագնապը մեր եկեղեցու տագնապն է: Ահավասիկ, այս զգացումով մենք գնացինք Ղարաբաղ ու հիշեցրեցինք մեր ժողովրդին, որ մենք նրանց հետ ենք: Հետևաբար, Ղարաբաղի հարցը իր բոլոր երեսներով նաև մեր հարցն է:

Մեր եկեղեցու և ժողովրդի կյանքի մեջ չկա այսպես կոչված եկեղեցու հարց, հայրենիքի հարց, ժողովրդի հարց: Մենք մեկ ամբողջություն ենք, և այս ծիրի մեջ պետք է դիտվեն մեր ժողովրդին հուզող բոլոր հիմնահարցերը:

Բնականաբար, ներքին որոշ տարբերություններ պետք է լինեն, բայց մենք ունենք համահայկական, համազգային հարցեր, հետևաբար, մենք պետք է Արցախի հարցին այս գիտակցությամբ մոտենալ: Մեր պատգամն այն էր, որ մենք որպես եկեղեցի Արցախի հետ ենք, Արցախի իրավունքների, ձգտումների կողքին:

-Ինչպիսի՞ն տեսաք Արցախը, ինչպիսի՞ն էր ժողովրդի ոգին:

-Ես Արցախի մեջ տեսա խորը հայրենասիրություն, ժողովրդի մոտ տեսա տոկունություն, մարտունակություն` երբեմն զանազան զգացական արտահայտություններով երևացող: Սակայն հիմնականն այն է, թե այս ամենից հետո ինչ պետք է անենք: Այնպես չպետք է լինի, որ ներկա զգացմունքային, հայրենասիրական պոռթկումները պղպջակի վերածվեն ու վերանան: Պետք է դրանք վերածվեն գիտակցական այնպիսի ընթացքի, հավաքական այնպիսի մտածելակերպի ու գործելաոճի, որով մենք կկարողանանք ավելի իրապաշտ, իրատես, գիտակցական մոտեցումով քննարկում կատարել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ: Ինչո՞ւ եղավ, մի՞թե սպասելի էր, որտե՞ղ հաջողեցինք, որտե՞ղ թերացանք ու դժվարություններ ունեցանք, ինչո՞ւ: Այս հարցադրումները պետք է ճիշտ կատարվեն, այլապես զգացական որոշ ալիքի ու մտահոգության կվերածվեն, կանցնեն, կարծես բան չի եղել, վաղը մեր կյանքն իր բնական ընթացքը կընդունի:

Ճիշտ չէ այս մոտեցումը, մենք պետք է եղածից դասեր քաղենք: Ես զանազան առիթներով ասել եմ, որ եղածը ես համարում եմ զգաստության, գիտակցության, ինքնաքննության մարտահրավեր: Մենք, փառք Աստծո, ինչ կորցրել էինք ռազմական իմաստով, վերահաստատեցինք, մեր ներկայությունն ավելի զորեղ կերպով հաստատեցինք Ղարաբաղում: Սակայն այս դրությունը նաև մեզ ցույց տվեց, որ թշնամին արթուն է: Արդյոք, մենք էլ արթո՞ւն էինք…

Ու որ թշնամին ամեն օր հետևում է մեր քայլերին, ու այն միշտ էլ պետք է փորձի տարբեր կացություն ստեղծել մեր ժողովրդի համար: Այս բոլորի մասին մենք պետք է լրջորեն մտածենք և որպես ազգ ու պետություն մեր բանակով ու կենցաղով, մեր տնտեսությամբ, մեր դիվանագիտական հարաբերություններով, մեր քարոզչական աշխատանքներով վերաարժևորման, վերակազմակերպման, վերակառուցման ենթարկենք մեր ժողովուրդը, մեր պետությունը: Եթե սա չկարողանանք անել, մենք վնասներ կկրենք: Այս զգացական հայրենասիրությունը ժամանակավոր է, այն լավ է, երբ ժամանակավոր սահմանների մեջ մնա ու ճիշտ կերպով հունավորվի, այլապես կդառնա ոչ թե բարիքի, այլ չարիքի աղբյուր:

Ես Արցախում տեսա հայեր` Արցախից, Հայաստանից, Սփյուռքից, զինվորական շորեր հագած նկարվում են, ֆեյսբուքում հրապարակում: Այո, լավ է, բայց այսպես չպետք է շարունակվի, այն տանում է մակերեսայնության: Այս ամենից հետո մենք պետք է նստենք ու լրջորեն մտածենք. ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս պետք է անենք հետագայում: Ամեն մարդ ասելիքներ շատ ունի, գեղեցիկ ասելիքներ, բայց այդ բոլորը մի կողմ պետք է դնենք, մենք պետք է մտածենք մեր անելիքների մասին:

-Խոսքը գործի վերածելու:

-Այո:

*

*