ԱՄՆ հայ համայնքը նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու միասնական որոշում չունի

Հարութ Սասունյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ հարցի վրա` այս կամ այն թեկնածուն ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ:
harut-sasunyan

ԱՄՆ հայկական համայնքը նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու միասնական որոշում չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«ԱՄՆ-ի հայ համայնքն այս հարցով դեռ չի կողմնորոշվել: Ոչ մի գլխավոր կազմակերպություն, ոչ մի համայնք այս կամ այն թեկնածուին նախընտրելու վերաբերյալ հայտարարություն դեռ չի արել, որովհետև լուրջ խնդրի առաջ ենք կանգնել: Ունենք երկու թեկնածու, որոնցից մեկը Հիլարի Քլինթոնն է, ումից դժգոհ ենք հայկական և այլ հարցերի վերաբերյալ իր անցյալի խոստումները չհարգելու պատճառով: Մյուսը Դոնալդ Թրամփն է, որի պարագայում մեկ այլ խնդիր կա. նա հայկական հարցի մասին որևէ բան չի ասել, ծանոթ չենք, թե ինչ դիրքորոշում ունի: Չենք կարող կուրորեն նրան պաշտպանել, մինչև առիթ լինի, նստենք, խոսենք»,-ասաց Հարութ Սասունյանը:

Նա նշեց, որ պետք չէ կենտրոնանալ հարցի վրա` այս կամ այն թեկնածուն ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ:

«Փորձը ցույց է տալիս, որ թեկնածուները խոստանում են, սակայն խոստմանը տեր չեն կանգնում: Մենք կարիք չունենք այնպիսի խոստումների, որոնք չեն հարգելու: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է արդեն և կարիքը չունենք որևէ մեկին խնդրելու, որ ճանաչի: Մենք ունենք այլ հարցեր, մասնավորապես, Արցախի հարցը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին արտաքին օժանդակություն տալը, շրջափակման վերացումը, Թուրքիայի վրա ճնշում գործադրելը, մեր կալվածքները ստանալը, սիրիահայերի հարցը և այլն: Նախընտրելի այդ հարցերով պետք է զբաղվել թեկնածուների հետ»,-ասաց նա:

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հարութ Սասունյանը նշեց, որ շարունակում են պահանջել արդարություն, աշխատանք տանել կորցրածը վերադարձնելու ուղղությամբ: Հարութ Սասունյանը որպես ուղի համարեց միջազգային դատարանները:

*

*