ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քննադատել է․․․

Ցուցարարների վրա հարձակված Էրդողանի 2 թիկնապահները դատապարտվել են մեկական տարվա ազատազրկման
erdogham-cucararner

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Վաշինգտոնի բարձրագույն դատարանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրահանգով  Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ մեղադրվող 2 անձանց նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նրանք մեղադրվում էին ատելության հողի վրա կատարած հանցագործության մեջ, ինչի համար նրանց 15 տարվա ազատազրկում էր սպառնում: ԱՄՆ քաղաքացիներ Սինան Նարինը (45 տարեկան) և Էյուփ Յըլդըրըմը (50 տարեկան) կալանքի տակ էին դեռևս 2017 թվականի հունիսից: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ցուցարարների վրա հարձակման գործով, սակայն վճռել է, որ մեղադրյալներն արդեն իսկ իրենց համար նախատեսված ազատազրկման ժամկետը կրել են, ուստի ամերիկաբնակ թուրքերը դատարանի դահլիճից ազատ են արձակվել:

Էյուփ Յըլդըրըմը և Սինան Նարինը դատապարտվել են մեկական տարվա ազատազրկման` յուրաքանչյուրը 100 դոլար տուգանքով, իսկ ազատ արձակվելուց հետո նրանք երեք տարի կլինեն իրավապահ մարմինների վերահսկողության տակ:

«Այս որոշումը պետք է անհանգստացնի յուրաքանչյուր ամերիկացու: Որպես ամերիկացիներ`  մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ցանկացած հարցի վերաբերյալ առանց վախենալու յուրաքանչյուր հարձակումից` լինի դա ներքին, թե արտաքին խնդիր: Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր օրինախախտ արդար պատիժ կստանա, սակայն դա տեղի չունեցավ Էրդողանի ռեժիմի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների պարագայում: Նման մոտեցումը ամերիկյան ազատությունների փոխարեն պաշտպանում է օտարերկրացի հարձակվողներին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

 

*

*