Նյու Ջերսի նահանգում եւս մատուցվել է ճրագալույցի պատարագ

Ճրագալույցի պատարագից հետո եկեղեցում հավաքվածները հաղորդություն ստացան

Հայաստանում երեկոյան Ճրագալույցի պատարագից  մոտավորապես 9 ժամ անց Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետիսը հասավ նաեւ օվկիանոսի մյուս կողմում ապրող քրիստոնյաններին։ Միացյալ Նահանգների արեւելյան ափում՝ Նյու Ջերսի նահանգում գործող Սրբոց Վարդանանց եկեղեցում ճրագալույցի պատարագին մասնակցելու համար նահանգի տարբեր շրջաններից ժամանած հավատացյալների համար պատարագ մատուցեց եկեղեցու հոգեւոր հովիվ Հովնան քահանա Բոզոյանը։  «Ամբողջ նահանգում  Վարդանանցը Կիլիկո Թեմի հիմնած միակ  եկեղեցին է»,- հպարտությունը չթաքցնելով պատմում  է Հովնան քահանան ու իրենից անկախ սկսում պտտել հիշողությունների սկավառակը։ 1959 թվականի մայիսի երեքին եկեղեցին օծել ու այստեղ առաջին անգամ պատարագ է մատուցել Խորեն արքեսպիսկոպոս Բարոյանը, ով հետագայում դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։

«Մեր գաղութը բազմերանգ է,- ասում է Տեր հայրը,- լիբանանահայեր, սիրիահայեր, պոլսահայեր, հայաստանցիներ, ամեն մեկն իր հետ իր ավանդույթներն էլ է այստեղ բերել  ու ամերիկահայ գաղութն այդ ավանդույթները  պահպանելով բոլորին միացրել է ու օտարությունը նրանց չի կարողացել կտրել իրենց արմատներից, եկեղեցուց»։

Եղածով, սակայն, չպետք է բավարարվել, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգեւոր հովիվը մտահոգություններ էլ ունի։ Ոչ միայն Ամերիկայում, այլեւ Հայաստանում ու Սփյուռքի շատ գաղութներում երիտասարդությունը եկեղեցուց թեեւ շատ չի օտարացել , բայց նահանջ կա ՝ ասում է Տեր հայրը։ Բայց իրենց սերունդը, որն արդեն կարողացել է հաղթահարել օտարության վտանգները, չի նահանջելու։

«Այո, այս օվկիանոսի մեջ հեշտ չէ եկեղեցուց չհեռանալ, ինքնությունը չկորցնել, բայց Փառք Աստծո․․․․»,- միտքը Տեր հայրը չի վերջացնում, բայց մտքի շարունակությունը դեմքի հանգիստ ժպիտն է՝ այնքան էլ  վատ վիճակում չեն։

Թող որ Հիսուս Քրիստոսն իր ծննդով մեր ժողովրդին սեր, միասնություն ու խաղաղություն բերի՝ այստեղ հավաքված հավատացյալների ցանկությունն է։

«Այն տագնապները, սեւ ամպերը, որ կան Հայաստանի, Արցախի, Միջին Արեւելքում ապրող ու ընդհանրապես աշխարհի չորս ծագերում ապրող հայերի գլխին, թող որ այնպես լինի, որ ոչ մի հայ սեւ ամպի տագնապը չզգա»,- ցանկությանը միանում է Վարդանանցի երկարամյա հոգեւոր հովիվը։

Ճրագալույցի պատարագից հետո եկեղեցում հավաքվածները հաղորդություն ստացան ՝ իրենց հետ  տանելով  եկեղեցում օրհված կրակից վառված ճրագն ու Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը։

Նյու Յորք

հատուկ yerkirmedia.am-ի համար

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*