Տել Աբյադ քաղաքից տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան

Դեսպանությունը մանրամասներ է հաղորդում Սիրիայից
siria-hayer

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Քամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին հրետակոծվել է Սիրիայի Քամիշլի քաղաքը։

*

*