Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանից նվեր՝ Ազգային պատկերասրահին

Բաժբեուկ-Մելիքյանը իր «Խաչելություն» ստեղծագործությունը նվիրել է պատկերասրահին։
zuleyka

Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ եւս մեկ արժեքավոր գործով: Գեղանկարիչ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը իր «Խաչելություն» ստեղծագործությունը նվիրել է պատկերասրահին՝ այդպիսով այս թանգարանում իր ներկայությունը հասցնելով 6 գործի:

Նաեւ տեղի է ունեցել «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» պատկերագրքի շնորհանդեսը, որում ներառված են անցած տարի աշնանը պատկերասրահում բացված նույնանուն ցուցահանդեսին ներկայացված 100 գործերը՝ մեծանուն գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի բոլոր գործերը եւ 10-ական գործեր նրա 3 զավակներից՝ Լավինայից, Զուլեյկայից եւ Վազգենից: Պատկերագիրքն էլ, ինչպես ցուցահանդեսը, նվիրված է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 125-ամյակին:

«Այստեղ ամբողջական ներկայացված են 2 սերնդի ներկայացուցիչները, ճիշտ է մեծամասամբ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին է նվիրված, բայց սա հավաքական միակ գիրքն է, որտեղ երկու սերնդի ներկայացուցիչների գործունեությունն է ամփոփված»,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը:

Դրանում, նկարիչների ստեղծագործություներից բացի, ներկայացված են նրանց կենսագրությունները՝ ամենայն ճշգրտությամբ եւ վերջին տվյալներով: Պատկերագիրքը կազմող Մարգարիտա Խաչատրյանի խոսքով, այն արժեքավոր է ինչպես արվեստաբանների, այնպես էլ ուղղակի արվեստա-սերների համար:

«Ես երջանիկ եմ եւ շատ-շատ շնորհակալ եմ պատկերասրահի ողջ անձնակազմին: Շատ լավն էր ցուցահանդեսը, պատկերագիրքն էլ եմ հավանում: Մի տեսակ շփոթված եմ այսօր: Սա հրաշալի թանգարան է, Հայաստանի հպարտությունն է, լավ գործերը պետք է ավելանան: Էլ որտեղ, եթե ոչ այստեղ պետք է ներկայացված լինեն իմ գործերը»,- ասաց գեղանկարիչ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*