Երևանում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին
jkhtaman-chartarapetner, film

«Մոսկվա» կինոթատրանում այսօր ֆիլմի պրեմիերա էր: «Սուպերմեն»-ի հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դին Քեյնը եւ պրոդյուսեր Մոնթել Վիլյամսը հայ հանդիսատեսին են ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:

Ֆիլմում փաստավավերագրական նյութեր են՝ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրածները, Սումգայիթի, Բաքվի ջարդերից փրկվածները, առաջադեմ փորձագետներն ու քաղաքական գործիչները: Ծանր տեսարանները զուգակցվում են սկանդալային բացահայտումներով:

Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը։

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*