«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց Ռոբեր Գեդիգյանի «Առանձնատունը» ֆիլմով

Պարող կարապն այնքան խենթ է, որքան իմ ֆիլմերը. Արոնոֆսկի
voske-tsiran15b (1)

Յուրահատուկ կերպով հուլիսի 8-ին տրվեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկած սպասված ու սիրված կինոտոնին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ: Բացման հանդիսավոր արարողության մեկնարկին փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգով:

Հանդիսավոր արարողության մեկնարկին ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ: Ներկայացվեցին նաև երաժշտական համարներ, ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ:

Երեկոյի ընթացքում տեսաէկրանին ցուցադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որում նա շնորհավորեց բոլորին փառատոնի մեկնարկի առթիվ:

Արարողությանը ներկայացվեցին նաև փառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև փառատոնային ժյուրիի կազմը:

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Հետո բեմում հայտնվեց նրա ֆիլմի հայտնի «Սև կարապն» ու գեղեցիկ պարից հետո Արոնոֆսկուն բերեց բեմ:

Արոնոֆսկին իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ պարող կարապն այնքան խենթ է, որքան իր ֆիլմերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում իր հետևից ընկել են փոքր երեխաներ՝ փորձելով ջրել նրան: Այստեղ էլ ռեժիսորը տեղեկացել է, որ հուլիսի 8-ին մեր երկրում ջրի տոն է, և մարդիկ իրենց մեղքերն են լվանում: Ջրի շիշը ձեռքին ռեժիսորը նախ իր գլխին ջուր լցրեց, այնուհետև «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը ջրեց նրան:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը:

Կինոփառատոնի մեկնարկը տրվեց ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Առանձնատունը» ֆիլմով (2017):

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։

Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

 

*

*