Հնդկաստանում մեկ տան մեջ բնակվելու համար հաճախ երեսուն մարդ է հերթագրվում — Երկիր Մեդիա

Հնդկաստանում մեկ տան մեջ բնակվելու համար հաճախ երեսուն մարդ է հերթագրվում

«Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնին մասնակցում է «Վարձով է տրվում» ֆիլմը
hndkakan-kino-voske-tsiran22 (1)

Հնդիկ ռեժիսոր, արձակագիր, բանաստեղծ և օպերատոր Չեժիյան Ռամալինգամի «Վարձով է տրվում» կինոնկարն արծարծում է Հնդկաստանում բնակարան վարձելու խնդիրները: «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի խաղարկային մրցույթին մասնակցող ֆիլմի ռեժիսորը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր երկրում միավորվում են մի քանի ընտանիք մեկ բնակարանում ապրելու համար: Հաճախ մեկ տան մեջ բնակվելու համար երեսուն մարդ է հերթագրվում` ներկայացնելով իր կրոնը, կաստայական պատկանելիությունը, անգամ բուսակեր լինելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեժիյան Ռամալինգամը փաստեց, որ Հնդկաստանում հաստատված միջազգային ընկերությունների աշխատողները դոլարով են վարձատրվում, իսկ տեղացիները հնդկական ռուփիով են վճարվում: «Բնակարանների վարձը չափազանց բարձր է, և դրանք հասնում են օտարներին, իսկ տեղացները հեռանում են արվարձաններ»,-պատմեց նա:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի ընտանիքի կյանքի ու ապրած ժամանակի շուրջ: Նրանք բնակվում են մի ննջարան ունեցող վարձու բնակարանում: Համեստ ձգտումներ ունեն և անշուք երազանքներ: Տանտիրուհին, որն ագահության մարմնացում է, ուզում է բնակարանը վարձով տալ  ուրիշին, ով  ավելի շատ կվճարի:   Տեղեկանալով  վտարման մասին`  Իլանգոն ստիպված է   իր աղքատիկ եկամտին համապատասխան  բնակարան փնտրել:  Նա կնոջ ու տղայի հետ բնակարանի փնտրտուք է սկսում՝ պարզելով, որ տարբեր դասի ու շերտերի պատկանող մարդկանց տարատեսակ, հեռու կամ մոտ վարձու բնակարանների  դռները կանխավ փակ են իր առաջ: Ծայրահեղ հուսահատ վիճակում նա ի վերջո որոշում է իր ինքնությունը կեղծել:

*

*