Բացվել է մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիառոսթամիի «Ճանապարհը» լուսանկարների ցուցահանդեսը

«Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը նույնպես միջոցառումներով հագեցած էր:
abbas-qiarostami

«Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը նույնպես միջոցառումներով հագեցած էր: Մամուլի ասուլիսների, վարպետաց դասերի ու կինոցուցադրությունների հետ մեկտեղ նաեւ բացվեց մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիառոսթամիի «Ճանապարհը» լուսանկարների ցուցահանդեսը:

Օրվա կարեւոր միջոցառումներից մեկին ներկա էին ռեժիսորի ընկերներն ու արվեստի սիրահարները:

Հայաստանի եւ «Ոսկե ծիրանի» լավագույն բարեկամ Աբբաս Քիառոսթամին օրեր առաջ է մահացել: Նա 1969-ին հիմնել էր Երեխաների եւ երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ նկարահանել էր իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապես գործող ռեժիսոր լինելով` դարձել է իրանական կինոյի երեւելի դեմքերից մեկը: 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով եւ աշխատել միայն թվային տեխնոլոգիաներով:

Հայտնի ռեժիսորը միակ իրանցին է, որն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին:

«Արդեն 20 տարի է ճանաչում եմ նրան: Քիառոսթամիի լուսանկարներն իր կինոների նման յուրահատուկ են: Բոլորը պատկերում են Իրանի բնությունը: Ուրախ եմ, որ այսօր մասնակցում եմ այս ցուցահանդեսին. շատ անգամներ եմ ներկա եղել նրա ցուցահանդեսներին, սակայն ամեն անգամ նոր բան եմ գտնում դրանց մեջ եւ հաճույք եմ ստանում այս ֆոտոները դիտելուց»,- ասաց «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկերի» ժյուրի Մաջիդ Բարզեգարը:

*

*