«Ոսկե Ծիրանը» երեւանյան ամառը կրկին հագեցնելու է կինոյով

Մայրաքաղաքի բացօթյա էկրաններին կցուցադրվեն ինչպես ֆիլմեր, այնպես էլ ուղիղ եթերով փակման արարողությունը:
voske-ciran

«Ոսկե Ծիրանը» միջազգային 13-րդ կինոփառատոնը տարվա մշակութային խոշորագույն իրադարձություններից մեկն է, որի ընթացքում հուլիսի 10-ից 17-ը լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ Երեւանի տարբեր հարթակներում, մասնավորապես` Ազատության հրապարակում, Կարապի լճում:

Մայրաքաղաքի բացօթյա էկրաններին կցուցադրվեն ինչպես ֆիլմեր, այնպես էլ ուղիղ եթերով փակման արարողությունը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ փառատոնի օրերին Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անվանի ջազ կատարողների մանսնակացությամբ լինելու են նաեւ համերգներ՝ հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարությամբ:

«Փառատոնին ֆիլմերն այնքան շատ են լինելու, որ մարդիկ չեն էլ հասցնի բոլորը նայել: Քաղաքն ապրելու է «Ոսկե ծիրան»-ով»,- Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ 91 երկրից. մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 135 ֆիլմ:

 

«Դուք գիտեք, որ բազմաթիվ աշխարհահառչակ կինոգործիչներ են գալիս «Ոսկե Ծիրանին» մասնակցելու, մեր խնդիրն է նաեւ նրանց պատշաճ ընդունելն ու երեւանյան կոլորիտը ներկայացնելը,- նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Այս տարի ապրիլյան դեպքերով պայմանավորված` մի շարք միջոցառումներ կրճատվեցին, գումարը նվազեցվեց, սակայն, կարեւորելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նշանակությունը, տարեսկզբի պլանավորվածը չի փոխվել նախորդ տարվա բյուջեն պահպանվել է»,- մանրամասնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

*

*