Կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը հյուրընկալվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

Այս տարի փառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 7-ին, որոշակի փոփոխություններ է կրել

Հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը, որի «Silent light» ֆիլմը  ցուցադրվել է «Ոսկե ծիրան»-ի շրջանակում, այս տարի կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ցուցադրվելու են ռեժիսորի լավագույն ֆիլմերը:

Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:

«Այս տարի փառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 7-ին, որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,- նշեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները տեղեկացրեցին, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

 

*

*