Վլադիլեն Բալյանը նշում է ծննդյան 95-ամյակը

«Մեծերին տեսնելն ու ճանաչելը երջանկություն է»
vladilen-balyan

«Մեծերին տեսնելն ու ճանաչելը երջանկություն է». այսպես է վերնագրել իր կյանքի մի դրվագը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը՝ իր «Եվ բոլոր նրանք եղել են…»  հուշերի գրքում։ Թերևս հենց այդպիսի երջանկության վայելում կարելի է համարել կոմպոզիտորի ողջ կյանքը, որի՝ Մարտիրոս Սարյանին, Արամ Խաչատրյանին, Սվյատոսլավ Ռիխտերին, Պավել Լիսիցյանին, Առնո Բաբաջանյանին, Զարուհի Դոլուխանյանին, Օհան Դուրյանին, Էդվարդ Միրզոյանին և ժամանակն իրենց գործունեությամբ բնորոշած այլ անձանց առնչվող դրվագները մի գրքում ամփոփած ներկայացրել է ինքը՝ Վլադիլեն Բալյանը։

Իր իսկ վկայությամբ և ժամանակի փաստագրությամբ է ապացուցված, որ այսօր ծննդյան 95-ամյակը նշող կոմպոզիտորն ու մշակույթի գործիչը դեռևս ուսանողական տարիներից է մեծերին տեսնել և ճանաչելու առիթն ունեցել։ Իսկ հետագայում Վլադիլեն Բալյանի կյանքի նշանակալի հետագիծը դադարել է միայն իրեն պատկանել և նրան մեծի տիտղոսին արժանանալու պատիվ է բերել։ Շուշեցու և երևանցու ժառանգին մասնագիտության ընտրությունը պարտադրվել է ոչ միայն բնատուր օժտվածությամբ, այլև մոր՝ հավատի չափ ամուր երազանքով։ 200 ժողովրդական երգ մտապահած պապի թոռը՝ Վլադիլեն Բալյանը ժողովրդական երաժշտության ակունքներն իր ստեղծագործություններում արտացոլելով հայության հետ սրտակից, հավերժ զրույց է սկսել ու փոքր-ինչ ստվերել իր այլ ժանրի բազմաբովանդակ ստեղծագործությունների համբավը։

Բայց կա՞ մեկը, ով չի լսել կամ ինքն իր համար չի երգել Բալյանի «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Կուզես լինիմ» երգերը, որոնցից յուրաքանչյուրի պրեմիերային հաջորդել է դրանք բերնեբերան անցնելն ու ինչպես համերգասրահներում, այնպես էլ անձնական-ընտանեկան հավաքներում մինչև օրս հնչելը։

Իսկ մշակույթի ոլորտում նրա կառավարչական աշխատանքը համադրելի է եղել իր ստեղծագործական ժառանգությանը՝ օրինակելի դպրոց ստեղծելով հաջորդների համար։ Նրա անմիջական մասնակցությամբ է թելադրվել հանրապետական նշանակության մշակութային շատ ու շատ ձեռնարկների որակ, ազդեցությունն ու արդյունավետությունը։ Նա է երկրում մշակութային զարգացումները նախանշող ու հավասարակշռող մի քանի կարևորագույն միավորների՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիայի», Պարարվեստի ուսումնարանում ազգային պարի բաժնի և վերջապես Հայաստանի առաջին երաժշտական-հուշային թանգարանի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիրը։ Մշակույթի ոլորտի կառավարչության ուղղությամբ Վլադիլեն Բալյանի վաստակը նշանակալի է և′ ճշգրտությամբ, և′ ստեղծագործական մոտեցումներով, և′ հեռատեսությամբ, և′ նորարարությամբ։

Սիրելի վարպետ, Ձեր ծննդյան օրը բոլորիս շնորհավորելու առիթ է. չէ որ Ձեր սրտացավ ու հեռուն միտված խորհուրդներն այսօր ստեղծագործողներին ու կառավարողներին իմաստնորեն կարող են մղել բարձր նշաձողեր սահմանելու և հաղթահարելու, ինչի համար ուրախ են ու շնորհակալ։

Քաջ առողջություն, կենսահաստատ կամք ենք մաղթում և շնորհավորում։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

*

*