Վիեննայի տղաների երգչախումբը կժամանի Երևան

Այն ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով
viennai-txanrti-ergchaxumb1 (1)

«Երևանյան հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Երևանում ելույթ կունենա հռչակավոր Վիեննայի տղաների երգչախումբը:

Այն ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296թ-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը: Երգչախմբի կազմում  են եղել ու նաև աշխատել այնպիսի հանճարներ, ինչպիսիք Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը:

Մինչև 1918թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար,  միայն 1920թ.-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության  և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար և շրջագայել աշխարհով մեկ:

Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել է շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից: Երգչախումբը հաճախակիորեն իր ներկայությամբ և անզուգական կատարումով զարդարում է հռչակավոր ամանօրյա համերգը, որը հեռարձակվում է աշխարհով մեկ Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկե դահլիճից:

Ավստրիայի կառավարությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է  քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, ուր երեխաները ապրում և հաճախում են դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: Տղաների երգչախմբի համար 2012թ.-ին Վիեննայում կառուցվեց 400-տեղանոց համերգային դահլիճ: Երգչախումբը հայտնի է նաև իր մարդասիրական ծրագրերով:

Համերգի ծրագրում կհնչեն Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն եւ այլն։

*

*