«Վերջին ուսուցիչը»

«Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և կկորցնենք մեր ընկերությունը»
dproc (1)

Ուսուցիչների օրվա առթիվ

«․․․ Նրանք նստեցին բարձր քարաժայռին, և Մամյանն ասաց, որ նույն այս ժայռի վրա երեսուն տարի առաջ իրենք հավաքվել էին տղաներով և այրել իրենց սիրած աղջիկների անունները։ «Մենք վախենում էինք, որ կարող ենք երկուսով մի աղջկա սիրել և կկորցնենք մեր ընկերությունը։ Երեխայություն էր, իհարկե, այդպես մենք կորցրինք մեր աղջիկներին։ Հետո եղավ, որ իրար էլ կորցրիևք, բայց երևի մի մեծ բան գտանք»։

― Դարձաք տաճարի քարեր,— մտախոհ ասաց Վահանը։

― Գուցե։— Մամյանը մի պահ անցյալ պատկերների հետ էր՝ մի՞թե երեսուն տարին անցավ․․․ Հետո սթափվեց։— Դե, տվեք ձեր թղթերը։

Տվեցին։ Քննությունից հետո Մամյանն ասաց, որ ամեն մեկը մի թղթի վրա դրի, թե ինչ դառնություն ունի իր ընկերներից, ուսուցիչներից։ Գրի անկեղծ, չխնայի ոչ ուրիշի, ոչ իրեն։

Այդ թղթերն էին։

Մամյանը հավաքեց։ Չկարդաց ոչինչ։

― Լուցկի ունե՞ս, Վահան։

― Կա։

Վերցրեց, վառեց լուցկին և բոցը մոտեցրեց թղթերին։ Խարույկը տևեց մի քանի վայրկյան։

― Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար։ Համարեք, որ թղթերի հետ այրվեց-վերջացավ, ինչ բաժանել է ձեզ իրարից։ Եվ հիշեք այս օրը։

Աշակերտները նայեցին իրար, նայեցին իրենց տասը տարիների վերջին ուսուցչին։ Վերջին ուսուցչին։ Իսկ ներքևում հոսում էր գետը՝ շատախոս ու իմաստուն։

― Մեծացանք,— հառաչեց Վահանը։

― Լուռ մեծանանք,— ասաց Արմենը,— լուռ, խնդրում եմ։

― Ընկեր Մամյան, մենք բոլորով, ազնիվ խոսք, բոլորով որոշել ենք մնալ նույն դասարանում,— ասաց Լուսիկը։

Վահան Մամյանր զարմացավ․

― Ինչո՞ւ»։

Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը», 1978 թ․

*

*