«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայում եւ Ֆինլանդիայում

Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի է ունենալու Շվեդիայի Ուպսալա քաղաքում։
verjin-bnakich

Շվեդիայում և Ֆինլանդիայում մայիսի 30-ից հունիսի 2-ը կայացան ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ֆիլմի շվեդական պրեմիերան, որը կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» մշակութային միության կողմից, տեղի ունեցավ հունիսի 2-ին Ստոկհոլմի Կինոտանը: Ցուցադրությունը ներկա էին դեսպաններ և պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ, ինչպես նաև ֆիլմի բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը:

Մայիսի 30-ին ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով կազմակերպվեց ֆիլմի ցուցադրությունը Հելսինկիի K-19 կինոթատրոնում: Ցուցադրությունը արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել Ջիվան Ավետիսյանին:

Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի է ունենալու Շվեդիայի Ուպսալա քաղաքում` Շվեդիայի հնագույն կինոթատրոններից մեկում` պատմական Սլոտսբիոգրաֆենում:

Ջիվան Ավետիսյանի` Գյուրջևան գյուղի հայաթափման մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը հայ-լիտվական համատեղ արտադրություն է, որին աջակցել են նաև շվեդական, ամերիկյան և լիբանանյան ընկերություններ: Ֆիլմը ներկայացվել էր «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության, ինչպես նաև վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում: 

*

*