Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 19-ից մայիսի 30-ը

Ավելի քան 35 երկրներից 3000 կատարողներ կներկայանան «Վերածնունդ» փառատոնին
veracnund

Գյումրու «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 19-ից մայիսի 30-ը: Այն նվիրվում է Հայաստանի` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակներին:

Աշխարհի ավելի քան 35 երկրներից 3000 անհատ կատարողներ եւ խմբեր հանդես կգան փառատոնի 19 անվանակարգերում: Ավանդական 18 անվանակարգերին այս տարի եւս մեկն է ավելացել՝ «Զինվորական նվագախմբեր եւ երգչախմբեր»:

Փառատոնը կմեկնարկի ապրիլի 19-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հայաստանի առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվող փառատոնի աջակիցներն են մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչներ՝ աշխարհի 14 երկրներից: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի խոսքով, փառատոնը նպաստում է հանրապետության երաժշտական դպրոցների կրթական մակարդակի բարձրացմանը, շատ դպրոցներում ամբողջ տարին նախապատրաստվում են «Վերածնունդին»:

«Փառատոնը ոչ թե միջոցառում է, այլ երեւույթ՝ Հայաստանի համար, անցնում է փոքր քաղաքում՝ Գյումրիում, բայց շատ ներկայանալի փառատոն է եւ ունի իր տված արդյունքները: Անցած տարի մեր փառատոնին 11-ամյա փայլուն կլարնետիստ մասնակցեց Նոր Հաճնից եւ նրան ուղարկելու ենք Ս.Պետերբուրգ՝ վարպետության դաերի մասնակցելու»,- նշեց Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը:

«Ամեն տարի Հայաստան այցելելով՝ արվեստագետները, երեխաներն իրենց հետ Գյումրիից, Հայաստանից մի կտոր են տանում, եւ դառնալով հայտնի , աշխարհահռչակ երաժիշտներ հայաստանի, այսպես ասած, մշակութային դեսպաններն են դառնում»,- հավելեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*