ՀՀ վաստակավոր արտիստի կոչում՝ Նարեկ Հախնազարյանին, Մկրտիչ Արզումանյանին, Արամեին, Սիրուշոյին…

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ...
sirusho3
Սիրուշո

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Կոչմանն արժանացել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մարգարյանը, Վրույր Հարությունյանը, Սամվել Խաչատրյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Արտուշ Ալեքսանյանը, երգիչներ Մհերը, Արամեն, երգչուհի Սիրուշոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը, մենակատար Սևակ Ավետիսյանը, մենապարուհի Մերի Հովհաննիսյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Նախագահական նստավայրում կոչումը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Հախնազարյանը նշեց, որ կոչումն իր համար մեծ պատասխանատվություն է: «Սա ոչ միայն իմ արդեն արված աշխատանքի գնահատականն է, այլ ժողովրդի ու երկրի վստահությունն ու հույսը։ Իմ քրտնաջան աշխատանքի ու հաջողությունների շնորհիվ կփորձեմ արդարացնել այդ վստահությունը»,- ասաց Հախնազարյանը։

Իր հերթին, Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ «Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան»,- նշել է Մկոն։

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել երգիչ Արտո Թունջբոյաջյանին, Ժողովրդական արտիստի կոչում՝ դուդուկահար, «Շողակն» ավանդական համույթի մենակատար Գևորգ Դաբաղյանին, պարուսույց, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանին:

*

*