Մարդկային անջնջելի հմայնք ունեցող դերասանուհու մահից մեկ տարի է անցել

Վարդուհի Վարդերեսյանից հետո մեծ բաց է առաջացել, բայց Արմեն Ամիրյանի խոսքով, նա շարունակում է ապրել իր կերտած կերպարներով:
Ռեժիսորների, դերասանների հիանալի սերունդ, որի վերջին մոհիկաններից մեկն էլ Վարդուհի Վարդերեսյանն էր: Մեկ տարի առաջ նա հեռացավ կյանքից՝ իրենից հետո բոլորիս համար առժեքավոր մշակութային ժառանգություն, հիշողություն թողնելով: Նա կերտեց, խաղաց, կրթեց ու հիացրեց:
«Ասում են՝ անփոխարինելի մարդ չկա: Պարզվում է՝ հիմա այս շարքը նայում ես ու չես կարողանում մեկին գտնել, որ սրանցիցի մեկի կողը դնես: Էն, ինչ որ այս մարդկիկ արեցին, դժվարանում ես ասել, թե որ թատրոնում հիմա կարող ենք շրջվել եւ մեկին տեսնենք, որի քայլվածքով, հայացքով կհիանանք, որի խոսքը, խրատը մեզ ուժ կտա»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
 
Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի խոսքն ուղղված է Պանթեոնում իրենց վերջին հանգրվանը գտած հայ մեծագույն արվեստագետներին եւ մասնավորապես թատերական աշխարհի խորհրդանիշներից մեկին՝ Վարդուհի Վարդերեսյանին:
 
«Ափսոս, շատ ափսոս, էս ոնց իրար ձեռք ձեռքի տված գնացին ու միանգամից գնացին»,- ավելացնում է նա:
 
Արդեն մեկ տարի է՝ մեզ հետ չէ, ինչպես նրա մասին սիրում են ասել, մարդկային անջնջելի հմայնք ունեցող դերասանուհին: Թագուհի, Մարիամ իշխանուհի, Արուս, Նաստասյա Ֆիլիպովնա, Ջոնի… շարքը կարելի է շարունակել ու շարունակել: Դերասանուհու ժամանակակիցներն ու աշկերտները հիշում են՝ անսահման գեղեցկության ու տաղանդի տեր անձնավորություն էր, կարգին մարդ ու տարերքի արվեստագետ:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսքով, իրենց սերունդը երջանիկ է, որ տեսել է նրան բեմում. արեւմտահայ լեզվամշակույթի վերջին կրողն էր, նրա մեջ պահպանված էր հայ մշակույթի դասական գեղեցկությունը, որը զարմանալի հմտությամբ եւ բնականությամբ կարողանում էր տեղավորել մերօրյա ժամանակի մեջ:
 
«12 տարեկան երեխա էի, երբ մի հեռուստաբեմադրության մեջ, որը կոչվում էր «Մենք հայերեն չենք գիտեր» Ալ. Սարուխանի այժմ մի քիչ մոռացված եգիպտահայ դրամատուրգ եւ ծաղրանկարչի պիեսն էր, իմ մայրն էր ինքը եւ ես իր տղան էի, երջանիկ հիշողություն էր»,- հիշում է Դավիթ Մուրադյանը:
 
«Իմ ուժեղ բնավորությունը գալիս է մեր դժվար կյանքից: Հայրենական պատերազմի տարիներին Ռումինիայում էինք ու զրկանքներ շատ էինք կրել: Մեզ Սովետական Հայաստանի մասին լեգենդներ էին պատմել, կարծում էինք՝ հրաշքներով լեցուն երկիր է ու հեշտ պիտի ապրենք: Բայց եթե իմանայի էլ զրկանքներով լի այդ պայմանների մասին, էլի էի ուզելու գալ»: Բուխարեստում ծնված եւ 1946 թվականից հայրենիքում հաստատված դերասանուհու համար Հայաստանը երազանքների երկիրն էր:
 
«Վարդուհի Վարդերսյանի նման մարդիկ էին, որ կարողացան մեր հայրենքիը դարձնել երազի երկիր: Ես շատ ուրախ եմ, որ երբեւէ առիթ եմ ունեցել ճանաչելու իրեն: Նրա հետ ամեն անգամվա շփումը տոնի է վերածվել»,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
 
Վարդուհի Վարդերեսյանից հետո մեծ բաց է առաջացել, բայց Արմեն Ամիրյանի խոսքով, նա շարունակում է ապրել իր կերտած կերպարներով, որոնք կյանքի դասագրքեր են դարձել շատերի համար: Իսկ պահպանված ֆիլմերը, Հանրային ռադիոյի ֆոնդում առկա 1000-ից ավել ձայնագրությունները հրաշալի ուղեցույց են երիտասարդ արվեստագետների համար:

*

*