«Առաջին անգամ աշխարհում տեսած իմ առավոտն է այնտեղ մնացել…». Վահագն Դավթյան

Վահագն Դավթյանի ծննդյան օրն է
vahagn-davtyan1 (1)

Ես չկանչեցի, դու ինքդ եկար,
Եկար նազանքիդ բեկումով փխրուն,
Եվ թարթիչներիդ թախիծը թեքած,
Նստում էիր լուռ ու ինձ հետ տխրում։

Ու ես, որ կյանքում զատել գիտեի
Եվ մեղքի շողքը, և սերը արդար,
Քո աչքերի դեմ կարկամում էի
Եվ անզոր էի հայացքդ կարդալ։

Մերթ դողում էր նա իբրև սև արցունք,
Մերթ վառում թաքուն ու կանչող լույսեր,
Դու՝ ոտից գլուխ մի խրթին հարցում,
Դու՝ ոտից գլուխ տառապանք ու սեր։

Եվ ինչո՞ ւ եկար, ի՞ նչ էիր ուզում,
Ինչո՞ ւ հեռացար… Չգիտեմ ոչինչ։
Եվ հիմա հեռվից տենդորեն հուզում,
Այրում են հեռվից աչքերը քո ջինջ։

Քեզնից մնացած այս թախիծը խոր
Մթնով զարթնում է ու լուռ հեծեծում…
Նա քո‘նն է նաև, նա մանուկ է որբ
Ու որբի նման քո դուռն է ծեծում։

***

Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց
Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել…Եվ մնացել է առաջին անգամ
Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,
Որից զրնգուն ու անապական
Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։

Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,
Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,
Որ իր բարությամբ ու արդարությամբ
Նման էր այնպես մանկության աստծուն։

Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Երկինք ու բարդի, ճառագայթ ու լաց,
Իմ հողի հոտն է այնտեղ մնացել…

Այսօր Վահագն Դավթյանի ծննդյան օրն է (15.08.1922-21.021996)։

*

*