«Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում կարեւոր է այն առումով, որ դրա պահպանության համար որոշակի երաշխիքներ են ստեղծվում»,- կարծում է Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Ստամբուլում հուլիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում որոշում էր ընդունվել Անին ընդգրկել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հայտը ներկայացրել էր Թուրքիան: Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալի խոսքով, հայտը ներկայացվել էր ավելի վաղ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական մարմնի՝ ԻԿՕՄՕՍ-ի արած դիտողությունների արդյունքում ուղարկվել էր լրամշակումների: Այդ տարբերակում արդեն ներկայացած էր հուշարձանի ծագումն, ինքնությունն, այսինքն՝ հայկականությունը հստակեցված էր, ինչը Հայաստանի համար ամենակարեւոր դրույթներից է:
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշել է, որ Թուրքիան պատահական չէր ներկայացրել հայտը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացված հայկական կողմն իր ելույթներում բազմիցս արծարծել է խնդիրը, որ հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ այլ պետությունների տարածքում են, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության` յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր վարչական տարածքում գտնվող հուշարձանները, հետեւաբար Հայաստանը չէր կարող ինքը հայտ ներկայացնել այլ պետություններում գտնվող իր հուշարձանների առնչությամբ: