Ձիթողցյան. «Սա Հայաստանին նվիրված աշխատանք էր ամենասկզբից»

Տիգրան Ձիթողցյանի` հայ տատիկի նկարը տեղ է գտել Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մեջ:

Ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի` հայ տատիկի հավաքական կերպարը պատկերող նկարը տեղ է գտել Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մեջ: Նկարը նկարչի «Հայելիներ» շարքից է:

Նկարչի խոսքով՝ իր համար շատ կարեւոր է մշտապես ցուցադրվել հայրենիքում, այն էլ` Ազգային պատկերասրահում: Համոզված է. իր աշխատանքն էլ նոր գույն ու թարմություն կհաղորդի պատկերասրահին:

Գեղանկարիչ Տիգան Ձիթողցյանն աշխարհում հայտնի է որպես տեխնիկական ռենեսանսի ասպետ: Նա շուրջ 20 տարի է՝ ապրում եւ ստեղծագործում է հայրենիքից հեռու, բայց ամեն տարի առնվազն 2-3 անգամ լինում է Հայաստանում:

Անցած տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Տիգրանը ներկայացավ իր «Հայելիներ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց արվեստասերների կողմից: «Հայելիներից» մեկը՝ հայ տատիկի պատկերը, Տիգրանը նվիրեց Հայաստանին: Շուրջ մեկ տարի «սպասելուց» հետո հուլիսի 14-ին նկարն իր տեղը գտավ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մեջ: Սա առաջին դեպքն է, որ նկարիչն իր աշխատանքներից նվիրում է որեւէ ցուցասրահի:

«Սա Հայաստանին նվիրված աշխատանք էր ամենասկզբից, այսինքն՝ ես այն սկսեցի Հայաստանին նվիրված մտքով արդեն. ամբողջ պատմությունը հայոց, ինձ թվում է, այս նկարի մեջ կա: Ես հույս ունեի, որ այս նկարը կմնա Հայաստանում՝ թանգարաններից մեկում, դեռ պարզ չէր՝ որտեղ, եւ պատկերասրահը շատ լավ տեղ է»,- նշել է Ձիթողցյանը:

Գեղանկարիչն անձնապես ճանաչում է իր նկարների բոլոր «հերոսներին», բացի հայ տատիկից. նրա պատկերը ֆիքսել է երեւանյան փողոցներում զբոսնելիս: Բացի այդ, «Հայելիներ» շարքի բոլոր նկարներում ձեռքերի հետեւում պարզորոշ երեւում են բնորդների դիմագծերը, բայց հայ տատիկի դեմքն ամբողջովին փակված է ձեռքերով: Տիգրանը շատ է ուզում գտնել նկարի հերոսին եւ նրան տանել պատկերասրահում՝ իր նկարի մոտ:

«Ես ընդհանրապես աշխատում եմ այսօրվա մեջ, իսկ այսօրվա օրով Հայաստանը շատ փակ երկիր է, բայց իր ներքին ուժն ու գեղեցկությունն ունի, եւ հենց այդ վիճակն եմ պատկերել: Ես ուղղակի ուզում էի անել ունիվերսալ մայրիկ, հայ մայրիկ, տատիկ, նայած որ սերնդի համար, որ բոլոր հայերը ճանաչեն իրենց տատիկին կամ մայրիկին այս նկարի մեջ»,- նշել է նկարիչը:

Առաջիկայում Հայաստանում նոր ցուցահանդես ունենալու մտադրություն նկարիչը չունի, փոխարենը Տիգրանին 2017թ-ին իր կյանքի կարեւորագույն ցուցահանդեսն է սպասվում Նյու Յորքում: Դրանում ներկայացվելու են նկարչի վերջին 7 տարվա աշխատանքներն, ամբողջությամբ ընդգրկված է լինելու«Հայելիներ» շարքը: 2017թ-ին հանրությանը կներկայացվի նաեւ հայտնի գրող եւ ռեժիսոր Արթուր Բալդերի նկարած լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որն ընդգրկում է Տիգրանի 2015-2016 թվականների աշխատանքային գործընթացը, ցուցահանդեսները՝ սկսվելով անցած տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսի բացմամբ: Թեեւ Տիգրանը գյումրեցի հայտնի Ձիթողցյանների տոհմից է, բայց իրեն համարում է երեւանցի. այստեղ է ծնվել եւ սկսել իր ստեղծագործական ուղին:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*