Թանգարանների գիշերը` մայիսի 20-ին

Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին՝ թանգարաններում»:
kaskad-gisher

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 20-ին, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Այս օրերի ընթացքում 113 թանգարան բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հանրության առջև՝  հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին՝ թանգարաններում»: Նշված թեման հնչեցվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից` ԻԿՕՄ-ի գագաթաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:
Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում, մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը:

Տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

*

*