«Գանձագողի» զարմանալի հայտնագործությունը. գտնվել են Ք.ա. 8-6-րդ դարերի պատմամշակութային բացառիկ նմուշներ

Թանկարժեք գտածոները՝ բրոնզից տարբեր առարկաները, հայտնաբերվել են մի մարգագետնից, որը հուշարձանային տարածք չի համարվում:

Հուշարձանների տարածքում, գերեզմաններում ու դամբարաններում գանձեր որոնել են դարեր առաջ: Արկախածնդիրներ, գողեր… տարբեր կերպ են անվանում, այսպես կոչված «սեւ հնագիտությամբ» զբաղվողներին:

Շուրջ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում երիտասարդ գյուղացին գանձ էր փնտրում. գտավ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերի պատմամշակութային բացառիկ նմուշներ: Դրանք Կապանի թանգարանից նոր են տեղափոխվել Երեւան, դեռ փաթեթներից չեն հանել, բայց մասնագետները շտապել են հանրությանը տեղեկացնել Ուրարտական շրջանի եզակի գտածոների մասին:

«Զարմանալի հայտնագործություն է կատարել: Առ այսօր ողջ ուրարտական կայսրության տարածքում մենք դեռեւս չունեինք այդպիսի գանձեր, մետաղե այդպիսի բազմազան առարկաների հավաքածու»,- ասում է Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Թանկարժեք գտածոները՝ բրոնզից տարբեր առարկաները, հայտնաբերվել են մի մարգագետնից, որը հուշարձանային տարածք չի համարվում: 2-3 կիլոգարամանոց մարտական կացին, զարդեր, զանգեր, արձանիկներ… մոտ 200 օրինակ գտածո է հայտնաբերվել: Հակոբ Սիմոնյանն ասում է, որ այս պահին պեղումներ են կատարում Կարմիր Բլուրի դամբարանադաշտում, եւ այնտեղից հայտնաբերված շատ նմուշներ գեթե կրկնօրինակն են Սիսիանում գտնված իրերի: Եղվարդի որոշ գտածոներ առհասարակ եզակի են:

«Օրինակ՝ զինվորիկի արձանիկը: Մինչ այժմ մեր մշակությում այսպիսի երեւույթ հայտնի չէր: Դաշույնով զինվոր է՝ փոքրիկ վահանով ձախ ձեռքին, աջ ձեռքին դաշույն է, արծավաքիթ, շատ կամային բնավորությամբ զինվորիկի քանդակ է»,- նշում է Հակոբ Սիմոնյանը:

Հնագետն ասում է, եթե գյուղացին չգտներ այս գանձերը, հնարավոր է՝ 100-ավոր տարիներ այդ տարածքով մարդիկ անցնեին ու չիմանային՝ ինչ է թաքնված հողի շերտերի տակ:

«Գանձագող ասելը մի քիչ տարօրինակ է, որովհետեւ գանձագողերը սովորաբար այլ նատուրա են ունենում, սա մի քիչ տարօրինակ անձնավորություն էր: Մեզ տարավ, ցույց տվեց 3 դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չէին: Եվ միայն մի դամբարանում բրոնզե 30 իր հայտնաբերեցինք, ընդ որում՝ մի փոքրիկ հատվածից միայն»,- ասում է Հակոբ Սիմոնյանը:

Ե՞րբ կսկսվեն այդ դամբարանադաշտերի պեղումները, պարզ չէ. թանկ է՝ ասում է Հակոբ Սիմոնյանը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանդիպել ու ներկայացրել են դրա կարեւորությունը:

Հազարամյակների պատմություն ունեցող նմուշներն ինչպե՞ս են հայտնվել այստեղ, ի՞նչ նպատակով են դրանք մեկտեղվել, մասնագետներն առայժմ չեն կարող ասել: Մի բան է հաստատ՝ համաշխարհային բացառիկ երեւույթ է:

Ի դեպ, այս փաստով գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է: Այսպես ասած «գանձագողը» ստորագրությամբ բաց է թողնվել: Դժվար է ասել՝ այս դեպքում պատժի՞, թե՞ պարգեւատրման է արժանի նրա գործունեությունը: Հակոբ Սիմոնյանն ասում է, եթե Եղվարդի տարածքում արշավախումբ աշխատի, իրենց հսկողությամբ նաեւ գանձ փնտրողին են ներգրավելու:

*

*