Սունդուկյանի անվան թատրոնը հանդիսատեսին կներկայանա տեխնիկապես վերազինված ու նոր մոտեցմամբ

Արդիականացված բեմական մեխանիզմներով, լուսային եւ ձայնային նոր համակարգեր...
 «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից հայտնի հնչյունների ներքո մայր թատրոնում ցուցադրվում են նոր տեխնիկական հնարավորությունները: Հետո փոխվում է երաժշտությունը, ու զուգահեռ փոխվում են շտանկետներն ու լույսերը: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, ավելի քան մեկ տարվա դադարից հետո, հանդիսատեսին ընդունելու է արդիականացված բեմական մեխանիզմներով, լուսային եւ ձայնային նոր համակարգերով:
 
«Առաջ շտանկտներից մեկը, որ բարձրացնում-իջեցնում էինք, էնպիսի ձայն էր գալիս՝ կարծես ատոմային ռումբ էին գցել: Ստիպված երաժշտությամբ փակում էինք: Հիմա 47 շտանկետներ առանց ձայնի աշխատում են, ընդունում են տարբեր կոնֆիգուրացիաներ»,- նշեց Սունդուկյանի անվան ազգային, ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:
 
Սունդուկյանում մասնակի կամ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ եղել են, բայց 1965 թվականից ի վեր առաջին անգամ է թատրոնը տեխնիկապես վերազինվում: Վահան Հարությունյանը 35 տարի Սունդուկյանի թատրոնի բեմի գլխավոր մեքենավարն է: Ասում է՝ ներկայացումների անխափան ընթացքի համար ամեն ինչ անում էին, բայց տեխնիկան հնացած էր, խնդիրներից խուսափել չէր ստացվում: Նոր համակարգով աշխատանքը պատկերավոր է ներկայացնում.
 
«Ասենք՝ ինչ «Ժիգուլի» մեքենա քշես, ու հիմա «Ռենջ Ռովեր» քշես, տարբերությունը ո՞նց կլի: Էդ վիճակում ենք»,- մանրամասնեց բեմի գլխավոր մեքենավար Վահան Հարությունյանը:
 
Խորհրդային տարիների սարքավորումները թույլ չէին տալիս իրականացնել ժամանակակից շատ նախագծեր: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է՝ ստեղծագործական որակը տեխնիկայից կախված չէ, բայց փոփոխությունները բոլորը կզգան:
 
 Թատորնի տնօրեն Ստեփան Դավթյանը վստահեցնում է՝ հանդիսատեսը կզգա միայն որակի փոփոխությունը:
 
«Կարծում եմ,  նաեւ նախարարության հետ է համաձայնեցված, տոմսերի թանկացում չենք ուզում անել»,- ընդգծեց տնօրենը:
 
Թատրոնի վերազինման համար Հայաստանի մշակույթի նախարարության եւ միջազգային մի շարք կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրով 7 միլիոն եվրոյի վարկ է հատկացվել՝ 23 տարի մարման ժամկետով: Թատրոնի նոր հնարավորությունների ցուցադրությանը ներկա էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վստահ է՝ թատերական արվեստը մեծ հաջողություններ է ունենալու, ու դրա առաջամարտիկը Սունդուկյանի թատրոնն է:
«Փորձելու ենք ձեւավորել որոշակի քաղաքականություն՝ կապված ներկայացումների բովանդակության հետ: Համագործակցությունը պետք է շարունակվի նախ ճիշտ ներկայացումներ բեմադրելու, ճիշտ PR իրականացնելու, արվեստի կառավարման մասնագետներ ներգրավվելու, որպեսի կարողանանք հանդիսատես բերել»,- նշեց մշակույթի նախարարը:
 
Հանդիսատեսն այսուհետ կարող է ծանոթանալ թատրոնի պատմությանը. նորաբաց թանգարանւմ ներկայացված են տարբեր բեմադրությունների ազդագրեր, նշանավոր դերասանների բեմական հագուստներ, արխիվային նյութեր: 94 տարի առաջ նոր հիմնադրված մայր թատրոնը վարագույրները բացեց «Պեպո» ներկայացմամբ, դեկտեմբերին էլ, նորոգումից հետո, թատրոնը հանդիսատեսին կդիմավորի դարձյալ «Պեպոյով», նոր բեմականցմամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները