Ստամբուլի «Ոմանք» հայկական խումբը համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Վանաձորում

Մոտ 7-8 տարի է ինչ խումբը ստեղծագործում է Ստամբուլում, հիմնականում բաղկացած է 6 հոգուց...
stambul-vomanq

Ստամբուլից Հայաստան է ժամանել «Ոմանք» այլընտրանքային երաժշտախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն և իրենց երգերի միջոցով նրանք հանրությանը փորձում են պատմել իրենց բնակավայրի և աշխարհի մասին:

«Ոմանք»-ը համերգային շրջագայություններով է հանդես գալու Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Նրանք նպատակ ունեն ներկայացնել իրենց «ԲանԱլիք» նոր ալբոմը:

Մոտ 7-8 տարի է ինչ խումբը ստեղծագործում է Ստամբուլում, հիմնականում բաղկացած է 6 հոգուց, սակայն երբեմն այլ երաժիշտներ էլ են նրանց միանում:

«Մեր միտքն ի սկզբանե եղել է Ստամբուլում հայերենով երգելը, որովհետև միշտ կարիք ունենք այս լեզուն, մշակույթը և երաժշտությունը փոխանցելու:  Մեր հանդիսատեսը և′ հայեր են, և′ թուրքեր, և′ այլ ազգերի ներկայացուցիչներ ու նրանք 15-60 տարեկան են»,- ասաց դաշնակահար Սարօ Ուսթան:

Հունիսի 10-ին խումբը «Միքայելյան» բենդի հետ հանդես կգան Գյումրիում, հունիսի 12-ին՝ Վանաձորում, իսկ հունիսի 14-ին և 15-ին՝ Երևանում:

*

*