Շուշեցիներն անհամբերությամբ կրկին կսպասեն իրենց «Բարի հսկայի» վերադարձին

Լիբանանահայ Զաքար Քեշիշյանին Արցախում բոլորը գիտեն։

Լիբանանահայ Զաքար Քեշիշյանին Արցախում բոլորը գիտեն։ Երբեմնի մշակութային ամենանշանավոր օջախներից մեկի՝ Շուշիի ազատագրումից հետո նա տեղափոխվել է Արցախ՝ Շուշիում «Վարանդա» մանկապատանեկան եւ երիտասարդական երգչախումբ հիմնադրելու նպատակով։

«ՀՅԴ Նիկոլ Աղաբալյան ուսանողական միությունը մտահղացավ Շուշիում ստեղծել Արամ Մանուկյան վարժարանը։ Այստեղ գալիս էին ուսանողական միության ընկերներ, ուսանողներ, որոնք գործուղվում էին՝ դպրոցի հիմքերը դնելու համար: Այդպես նպատակահարմար գտնվեց ստեղծել նաեւ երգչախումբ, որովհետեւ լավ ձայներով երեխաներ կային։ Այդ նպատակով ես էլ գործուղվեցի Արցախ»,- ասում է «Վարանդա» մանկապատանեկան եւ երիտասարդական երգչախմբի խմբավար Զաքար Քեշիշյանը։

Առաջին անգամ Զաքարը 1988-ին է եկել Արցախ։ Երեւանի կոնսերվատորիայի մի շարք ուսանողների հետ համերգներ տալու։ Եվ ինչպես ինքն է ասում, առաջին հայացքից է սիրահարվել Արցախին։
«Բարի հսկան» տարվա 10 ամիսն ապրում է Լիբանանում՝ ղեկավարելով Համազգայինի «Այգ» երիտասարդական երգչախումբը։ Իսկ ամառը գալիս է Շուշի։ Հորից ժառանգաբար փոխանցված սերը դեպի երաժշտությունը ստիպում են ե´ւ Լիբանանում, ե´ւ Արցախում զբաղվել նույն գործով։
Բեմն այսօր ոչ միայն Զաքար Քեշիշյանի, այլեւ 24 տարիների ընթացքում «Վարանդա» երգչախմբում երգած ավելի քան 600 պատանիների ու աղջիկների համար է սրբավայր դարձել։ Նրանք հնարավորություն ունեցան բարձրանալ բեմ եւ պարզ մարդկային, մանկան ձայնով երգել անկեղծ եւ ազնիվ երգեր այն ամենի մասին, ինչ մենք՝ հայերս կենսական ենք համարում։ Երգչախումն ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Լիբանանում։
Զաքար Քեշիշյանը շատ ձեռքբերումներ ունի թվարկելու, սակայն, ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, ինչը դեռ առջեւում է։ Այս տարվա ամառն էլ վերջացավ՝ Զաքար Քեշիշյանը վերադառնում է Լիբանան։ Իսկ շուշեցիներն անհամբերությամբ սպասելու են իրենց «Բարի հսկայի» վերադարձին։

*

*