«Շատ կցանկանայի, որ նման համերգների կարիք չունենայինք». Դավիթ Ամալյան — Երկիր Մեդիա

«Շատ կցանկանայի, որ նման համերգների կարիք չունենայինք». Դավիթ Ամալյան

«Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք է հայրենիքի պաշտպանին
davit-amalyan

Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։ Համերգը տեղի կունենա հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Շատ կցանկանայի, որ նման համերգների կարիք չունենայինք: Սակայն այս ծրագիրը, անկախ մասնագիտությունից ու կենսակերպից, բոլորիս մեկ հարթակում է համախմբել, և մենք երգի-պարի միջոցով ցանկանում ենք ասել, որ հայ զինվորի կողքին ենք»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

Համերգին ելույթ կունենան նաև Արսեն Գրիգորյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Նարե Գևորգյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:

Ներկա կլինեն հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները։

Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Դիրքապահ»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

*

*