Խռպոտ ձայնով հայը, որն «ազնավուրացրեց» Ֆրանսիան

Նա խոսեց մարդկանց հետ, խոսեց ձեռքերով, շարժումներով ու ժպիտով, հետո նաեւ կնճիռներով, որոնք երբեք չթաքրեց․․․

Փակված դռներ, անբարյացակամ հայացքներ, «ոչ»-եր ու միայն քննադատություններ… Շատերը կարող էին կոտրվել, բայց Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը շատերից չէր, սովորական չէր, գիտեր՝ Աստված շռայլ է եղել իր հանդեպ: Չէ, շռայլությունն արտաքին ոչ մի դրսեւորում չուներ՝ ոչ բեմական արտաքին, ոչ բոլորից հզոր ձայն, բայց կյանքը զգալու, տեսնելու, ապրելու ու փոխանցելու հարցում էր ուժեղ, ու մի օր այդ ուժը հասավ մարդկանց սրտերին, մի օր 30-ն անց տղամարդը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում «ազնավուրացրեց» Ֆրանսիան, հետո արդեն՝ ողջ աշխարհը:

Գաղթականների ընտանիքում ծնված խռպոտ ձայնով հայը դարձավ բոլորի Շառլ Ազնավուրը: Այդ օրվանից Շառլն ու բեմը միաձուլվեցին, միմյանցից էներգիա ստացան, իրար մեջ գտան սերն ու ճշմարտությունը, սնեցին իրար, հասունացրին ու գեղեցկացրին: Ու նա խոսեց մարդկանց հետ, խոսեց ձեռքերով, շարժումներով ու ժպիտով, հետո նաեւ կնճիռներով, որոնք երբեք չթաքցրեց, որովհետեւ դրանք հենց իր կյանքի պատմությունն էին, պատմություն պայքարի, պարտությունների, դրանց հետ չհաշտվելու եւ հաղթանակներ տանելու մասին, ամեն ինչ զրոյից սկսելու եւ ամենին ինքնուրույն հասնելու մասին: Ուժեղ եղավ, որովհետեւ, ինչպես ինքն էր ասում, ճանաչեց ու մեծարեց իր արմատները:

Ու արմատները չթողեցին անտարբեր մնալ հայրենիքի հանդեպ: 1988թ. Սպիտակի երկրաշարժը որպես անհատական ողբերգություն ընդունեց, եկավ Հայաստան, երկրաշարժից տուժածներին օգնելու համար ֆոնդ ստեղծեց, երգ գրեց, որն էլ աշխարհի ուշադրությունը գրավեց փոքրիկ մի երկրում տեղի ունեցած մեծ աղետի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*