Մահացել է Շառլ Ազնավուրը

Նա հեղինակել է շուրժ 1300 երգ եւ թողարկել 100 ալբոմ, խաղացել ավելի քան 60 դեր։
sharl-aznavur

Իննսունչորս տարեկանում` Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանըկյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրեսս»-ը հավելելով, որ Ազնավուրն անցած ամիս էր վերադարձել Ճապոնիա կատարած համերգային շրջագայությունից։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Նա հեղինակել է ավելի քան 1200 երգ՝ 7 լեզվով եւ  թողարկել 100 ալբոմ՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Ազնավուրը կինոյի եւ թատրոնի ավելի քան 60 դեր է կատարել։ Ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Շառլ Ազնավուրը 3 ամուսնությունից ունի 6 երեխա։

2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

*

*