«Ես ծեր չեմ, մեծահասակ եմ: Դա նույնը չէ»․ Շառլ Ազնավուրը հանդես կգա նոր համերգաշարով

Երգիչը ցանկանում է երգել բեմում մինչև 100 տարեկանը:
sharl-aznavur

Panorama.am— Ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը պատրաստվում է նոր համերգաշարին:

Ֆրանսիական Culturebox-ին  տված հարցազրույցում նա ասում է. «Ես ծեր չեմ, մեծահասակ եմ: Դա նույնը չէ»:

Փարիզ, Լիոն, Մարսել, Բորդո, Թուլուզ, Նանտ, Լիլ, Սոֆիա, Վիեննա, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա. Այսպիսին է 93-ամյա շանսոնյեի համերգաշարի երթուղին: 12 ներկայացում է սպասում Շարլ Ազնավուրին, ով հաճախ է կրկնում իր ցանկությունը՝ երգել բեմում մինչև 100 տարեկանը:

Ազնավուրն ընդգծում է՝ կարևորը դահլիճը չէ, այլ հանդիսատեսը, ում համար երգում է: Հարցին՝ արդյո՞ք բեմ դուրս գալուց առաջ դեռ վախենում է, Ազնավուրը պատասխանել է, որ այդ վախն ավարտվել է այն ժամանակ, երբ ինքը հասկացել է, որ հանդիսատեսը ձգվում է դեպի իրեն։

Ազնավուրը պատմել է Էդիթ Պիաֆի հետ իրենց համագործակցության մասին, նշել, որ ի տարբերություն ուրիշների՝ Էդիթ Պիաֆն իրեն օգնել է այն պատճառով, որ իրենց ճակատագրերը նման են եղել: «Իմ ծնողները օտարերկրացիներ էին, ովքեր ֆրանսերեն չէին խոսում: Նրանք թույլ տվեցին մեզ՝ ինձ ու քրոջս, փողոցի երեխաներ դառնալ: Պիաֆը նույնպես «փողոցի» երեխա էր: Դա մեզ միավորեց»,- ասել է նա՝ հավելելով, որ Պիաֆը եղել է միակ կինը, ով ազդեցություն է թողել իր վրա:

Նոր երգերի մասին խոսելով՝ մեծանուն երգիչը նշել է, որ պատրաստվում է մոտ մեկ տասնյակ նոր երգ գրել, որոնք հետագայում կբաժանի այլոց: «Ի վերջո, ես վաստակել եմ մի կյանք, երբ իմ երգերն ուրիշներն էլ կերգեն»,- ասել է նա:

*

*