HassFest փառատոնին Սերժ Թանկյանը կմասնակցի որպես նկարիչ

Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները
serj-tankyan-gharabagh-adrbejan-sahman-iravichak

Երևանում հուլիսի 4­- 9­ը կկայանա Ժամանակակից արվեստի և երաժշտության HassFest փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների և արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո­վիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր։ Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Progressive Art գործակալությունից, HassFest 2016­ի հիմնական ծրագիրը կներկայացնի 12 նկարիչների և 12 կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական և գեղանկարչական ստեղծագործությունները:

Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված մեր հատուկ հյուրերը կմասնակցեն HassGuitar Fest կիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն կիթառային մենահամերգներով:

Փառատոնում կներկյացվեն System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9­-ին կներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով և վրձինով, նա աշխատում լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաև բրիտանական X. Y. անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կկատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների` HassFest­ի շրջանակներում գրած ստեղծագործությունները։

HassFest փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «HassFest փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ և այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև հնարավորություն տալիս հայ արվեստագետներին` դուրս գալ միջազգային ասպարեզ և իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստան կբերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»:

*

*