Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի առջեւ առաջինը նստեց Տիգրան Մանսուրյանը

ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցությամբ...
tigran-mansuryan

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրը հասանելի է լինելու բոլոր երաժշտասերների համար: Դրա «սմարթ» հնարավորության միջոցով կարելի է լիցքավորել նաև հեռախոսի մարտկոցը: Սեպտեմբերի 19-ին տրվեց ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության նոր նախագծի մեկնարկը:

«Եվրոպայում կան նման բաց  դաշնամուրներ:  Մեր դաշնամուրը բաց է բոլորի առաջ, փորձում ենք հանրությանն ավելի ներգրավել քաղաքի մշակութային անցուդարձի մեջ: Դաշնամուրներն ունեն նաև սմարթ կոմպոնենտ՝ հեռախոսի մարտկոցը լիցքավորելու հնարավորություն»,-ասաց «ՓՈՒՇ» նախագծի մենեջեր Սոնա Ասատրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց՝ իրենց առաջարկել էին նախագիծ իրականացնել, որի շրջանակում հանրային վայրերում պետք է դաշնամուրներ տեղադրեն: «Հանրային վայրերում դաշնամուրներ տեղադրելը հնարավորություն կտա ոչ միայն Երևանը մշակութային առումով վայելելու այլ տեսանկյունից, այլ նաև հնարավորություն կընձեռի բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են նվագել, նվագել նաև դրսում»-նշեց Մակունցը:

Առաջինը նվագեց Տիգրան Մանսուրյանը: «Սա Մարտիրոս Սարյանի արձանի կողքին է տեղադրված, և ես վստահ եմ, որ նա շատ ուրախ պիտի լիներ: Նա, առհասարակ, լույսի, գեղեցկության, հոգևորի ջատագովն է եղել: Այն, ինչ-որ ընդունված է մեքենաների մեջ հնչեցնել, չի հնչի այստեղ, դա արդեն լավ է: Մենք ինքներս կորոշենք մեր ճաշակը: Սա գեղեցիկի հետ ապրելու նոր մոտեցում է»,-նշեց Մանսուրյանը

*

*