Սամվել Կոսյանն ու Նարինե Կռոյանն արժանացան Ռուբեն Հովսեփյանի անվան խրախուսական մրցանակների

Խրախուսական մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին
mardik

Բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Կոսյանն ու արձակագիր Կարինե Կռոյանն արժանացան գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակների:

Խրախուսական մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Հայաստանի գրողների միությունում:

«Մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ: Մենք այս տարի փետրվար ամսից հայտարարեցինք մրցանակաբաշխության մասին, որը պետք է ամփոփվեր մայիսին, սակայն ներկայացված էին սակավ գործեր ու որոշվեց երկարաձգել հայտերի ընդունման ժամկետը: Հանձնաժողովը երկարատև ամիսների ընթացքում ուսումնասիրեց ներկայացված ստեղծագործություններն ու կայացրեց որոշումը»,-պատմեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հանձնաժողովի անդամներից Սուսաննա Հարությունյանը դժգոհություն հայտնեց  հայ գրականության զարգացումների վերաբերյալ ու նշեց, որ պատմվածքի ժանրը միշտ  եղել է մեր գրականության առաջատար ճյուղերից մեկը, բայց այսօր չի գրվում այն պատմվածքը, որը կգոհացնի ոչ միայն հանձնաժողովի անդամներին, այլև բծախնդիր ընթերցողին: «Այսօր ավելի շատ գրող կա, քան գրականություն»,-շեշտեց նա:

Հարությունյանն ասաց, որ խրախուսական մրցանակների արժանացած գրողների գործերն արժանի են ուշադրության:

Մրցանակակիր Նարինե Կռոյանը տեղեկացրեց, որ ներկայացրել է «Վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը» վերնագրով պատմվածքը: «Դա աստվածաշնչյան տող է, իսկ պատմվածքն անդրադառնում է հեղափոխության օրերին: Այն մարդկային սովորական պատմություն է»,-ներկայացրեց գրողն ու ասաց, որ մրցանակի արժանանալը հաճելի է ու գնահատելի:

*

*