Ռ․ Մաթեւոսյան․ «Եթե դու քո արվեստի նվիրյալն ես, քեզ համար ժամանակը սկսվել և չի ավարտվում»

Մաթևոսյանը կարծում է, որ աշխարհում ամենապահանջկոտը Հայաստանի երաժշտասերն է
ruben-matevosyan

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը տոնում է ծննդյան 77-ամյակը: Տարեդարձի և այլ հարցերի մասին «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է Ռուբեն Մաթևոսյանի հետ:

«Ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին, սակայն իմ անձնագրում ինչ-ինչ պատճառներով նշված է, որ ծնվել եմ հունվարի 12-ին: Հետաքրքիր տարիք եմ ապրում և հետաքրքիր ժամանակներում»,-անկեղծացավ Մաթևոսյանը:

Երգչի ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր վայրկյանն անմոռանալի է եղել: «Եթե դու քո արվեստի նվիրյալն ես և գործող արվեստագետ, քեզ համար ժամանակը սկսվել և չի ավարտվում, շարունակվում է: Այն, որ Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար եմ և նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ նշանակում է, որ իմ ստեղծագործական կյանքը լիարժեք եմ ապրում»,-շեշտեց երգիչը:

Մաթևոսյանը կարծում է, որ աշխարհում ամենապահանջկոտը Հայաստանի երաժշտասերն է: «Նա ինձ հիսունվեց տարի ծափահարում է. դա խոսուն թիվ է: Այլ երկրներում Ռուբեն Մաթևոսյանի հայտնվելը հայրենիքի հանդեպ կարոտ է, հարազատ երգերի նկատմամբ սեր և այլն, իսկ հայրենիքում կարող ես նաև անտեսվել»,- նշեց Ռուբեն Մաթևոսյանը:

Հայաստանում երգիչը ոչ միայն անտեսված չէ, այլև գնահատված է ու սիրված: Նրա երգին սպասում են:

Խոսելով անելիքների մասին` նա նշեց, որ նոր գործեր կան, որոնք պետք է կյանքի կոչել: «Պատրաստվում ենք հաջորդ տարվա տոներին ընդառաջ նոր երգ հնչեցնել, երգ, որը վաղուց է գրվել և երբեք չի կատարվել: Արամ Սասունցու ստեղծագործությունն է: Այն կկատարեմ երեք կամ չորս երգչի հետ, գուցե մեզ նաև երգչախումբ միանա.  բնականաբար, կլինի նվագախումբ: Այդ երգում ազգային ոգին շատ գեղեցիկ է հնչում: Այն կարող է ուրախություն, ժպիտ պարգևել մարդկանց»,-ասաց ժողովրդական արտիստը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները