Մեկնարկել է «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն ֆիլմերի 8-րդ փառատոնը

95 երկրից ստացված 2 հազար 200 հայտից ցուցադրության համար ընտրվել են լավագույնները:
reanimania

Կաննի փառատոնի մրցանակակիր Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր Կրիան» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկել է «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ «պատկերապատման» 8-րդ փառատոնը: Մինչ այդ, կազմակերպիչներն ու հյուրերը հանդիպել են լրագրողներին:

95 երկրից ստացված 2 հազար 200 հայտից ցուցադրության համար ընտրվել են լավագույնները: Հայաստանը հյուրընկալելու է անիմացիայի աշխարհում հեղինակավոր դեմքերի: Նախատեսվում են միջազգային պրեմիերաներ:

«Անկախության անիմացիա» հատուկ ծրագրում ներկայացվելու են անկախության 25 տարիներին ստեղծված հայկական ֆիլմերը: Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ ցուցադրվելու է «Շեքսպիրը՝ կադրում» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքը:

Մեծաթիվ են նաեւ ֆրանսիական եւ լեհական ժապավենները: «Ռեանիմանիա»-ի տնօրենն ասել է, որ Հայաստանում տարեցտարի ավելանում են անիմացիայիով զբաղվողների թիվը, բացվում են նոր ստուդիաներ:

«Ամեն տարի փառատոնին բավականին շատ նոր ֆիլմեր են մասնակցում ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ սփյուռքից: Այս տարի սփյուռքից ունենք 4-5 դիմում, մի քանիսն արդեն ընդգրկված են ծրագրում: Դա մեծ շարժում է: Նաեւ սփյուռքի հայերին, որոնց չէինք ճանաչում, չգիտեինք, իրենք են մեզ գտնում»,- ասում է ՌեԱնիմանիա փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:

«Պարտադիր չէ Հոլիվուդում ապրել՝ հաջողված անիմատոր կամ ռեժիսոր լինելու համար: Կարեւորը՝ որակով արտադրանք ստեղծելն է: Վարպետության դասերի ընթացում ես կներկայացնեմ, թե ինչպես եմ նկարում իմ անիմացիաները, գրում սցենարները , եւ ի վերջո, ինչպես եմ վաճառում ֆիլմերս: Նրանց, ովքեր կգան իմ դասերին եւ ֆիլմերի ցուցադրությանը, կնվիրեմ բացիկներ, որոնց վրա հենց տեղում կնկարեմ: Հուսով եմ՝ 5 տարի անց, երբ վերադառնամ Հայաստան, կհանդիպեմ անիմացիայով զբաղվող շատ երիտասարդների: Նաեւ անիմացիոն ստուդիաներն ավելի շատ կլինեն»,- նշում է անիմատոր Բիլ Փլիմփթոնը:

*

*