Քարանձավների վարձակալության վերաբերյալ բուռն քննարկում է տեղի ունեցել

«Գնաց շատ բաց, առողջ քննարկում, հարցը հիմա քննարկման փուլում է, կարծում եմ՝ բախումներն էլ նորմալ են»,- ասաց հնագետ Բորիս Գասպարյանը:
qarandzav

Օրերս հայտարարվեց զբոսաշրջության նպատակով 4 քարանաձավներ եւ մեկ քարանձավախումբ վարձակալության տալու մրցույթի մասին: Մշակույթի նախարարության այս նախաձեռնությունը հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացրեց: Մասնագետները մտավախություն հայտնեցին, որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող քարանձավները, ընկնելով մասնավորի ձեռքը, աղավաղվելու են: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ զբոսաշրջության փաստն արդեն առկա է քարանձավներում. պարզապես տոմսերի վաճառքից ստացված գումարը չի ուղղվում քարանձավների պահպանմանն ու սպասարկմանը, եւ հարցը պետք է կանոնակարգվի:

Քարանձավների վարձակալության մրցույթի պայմաններից մտահոգ մասնագետներին նա նախօրեին հրավիրել էր քննարկման: Այսօր կայացած բուռն ու երկարատեւ քննարկումից հետո փոխնախարար Արեւ Սամուելյանը ներկայացրել է՝ ինչ եզրակցության են եկել, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ շնորհակալություն հայտնելով բաց ու առողջ քննարկման հնարավորություն ստեղծելու համար, ընդգծել է, որ պետք է հստակ հայեցակարգ մշակվի եւ խիստ գիտական մոտեցում ցուցաբերվի այս խնդրին:

«1 տարվա ընթացքում պետք է քարանձավի օգտագործման հայեցակարգային մոտեցում մշակվի եւ պարտադիր դրվի օգտագործողի առաջ՝ հաշվի առնելով, որ գլխավոր բաղադրիչը կոնկրետ քարայրի դեպքում գիտական ուսումնասիրություններն են, պետք է զոնավորում իրականացվի՝ օգտագործման ավելի պատշաճ պայմաններ մշակելու համար»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

«Բոլորս էլ բավականին նյարդայնացած էինք մինչ այստեղ գալը, հիմա բավականին դրական լիցքերով ենք դուրս գալիս՝ շնորհիվ նախարարի: Շատ պրագմատիկ մոտեցում էր, բոլոր կետերը, որ տրամաբանական էր եւ հնարավոր չէր, չվերլուծվեց, այլ միանգամից ընդունեցին, որ դա ճիշտ է»,- նշեց Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

«Գնաց շատ բաց, առողջ քննարկում, հարցը հիմա քննարկման փուլում է, կարծում եմ՝ բախումներն էլ նորմալ են, որովհետեւ իսկապես ուզում ենք գտնենք ճիշտ ձեւը՝ հուշարձանն անվնաս օգտագործելու ի շահ մեր երկրի տնտեսության: Արդյունավետ տարբերակը պետք է ծնվի բախումների, դժգոհությունների, անհամաձայնությունների ճանապարհով»,- ասաց հնագետ Բորիս Գասպարյանը:

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*