Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջորջ Փեհլիվանյանին և Գեորգի Իսահակյանին

Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան եւ երբևէ չի բեմադրվել։
nikol-anna-jorj-pehlivanyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ներկա» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։

Գագիկ Մանասյանը պատմել է, թե ինչպես է գերմանական արխիվներում պատահաբար գտնվել Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան, որը գրված լինելով 1700-ական թվականներին երբևէ չի բեմադրվել։ «Երաժշտական աշխարհում Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված շուրջ 40 օպերա է հայտնի։ Սա որքան որ ուրախալի է, նույնքան էլ ամոթալի է, քանի որ նրանցից ոչ մեկը չի բեմադրվել Տիգրան Մեծի հայրենիքում»,- ասել է Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ Հասսեի օպերայի բեմադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում կարևոր նախաձեռնություն և մեծ երաժշտական իրադարձություն է համարվելու։

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում «Հայաստանի դասական երաժշտության բարեկամների» խմբի առաքելությունը՝ շեշտելով, որ հիմնադրամն իր աջակցությունը կունենա նաև «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման հարցում։

Հանդիպմանը քննարկվել է նաև օպերայի բեմադրության կազմակերպչական հարցերը։ Նախնական պայմանավորվածությամբ օպերան կբեմադրվի 2020 թվականի աշնանը:

*

*